Հակակոռուպցիոն կոալիցիան դատապարտում է Վանաձորի քաղաքային իշխանության գործողությունները. հայտարարություն

2014 թվականի նոյեմբերի 28-ին Երևանում հիմնադրվեց Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների Հակակոռուպցիոն կոալիցիան (այսուհետ՝ Հակակոռուպցիոն Կոալիցիա): Կոալիցիային միանալու հայտ են ներկայացնել 70 քաղաքացիական հասարակական կազմակերպություններ՝ Երևանից և ՀՀ մարզերից, որից շուրջ 40 ՔՀԿ-ների ներկայացուցիչներ մասնակցեցին Հակակոռուպցիոն Կոալիցիայի հիմնադիր ժողովին: 40 ՔՀԿ-ների շարքերում են գտնվում նաև ՔՀԿ-ներ Լոռու մարզից:

Ակնհայտ է, որ Կոալիցիայի հիմնադրման առաջին օրվանից այն անհանգստություն պատճառեց Վանաձորի քաղաքային իշխանությանը, որը ստահոդ և իրականությանը չհամապատասխանող նյութ է հրապարակել Հակակոռուպցիոն Կոալիցիայի մասին` հասարակությանն անհայտ Armweeklynews կայքում:

Այս կայքի հեղինակ և սեփականատեր Էդիկ Հովսեփյանը Վանաձորի քաղաքապետարանի քարտուղարության, տեղեկատվության և աշխատանքի բաժնի պետն է, նա նաև հանդիսանում է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի ազգականը:

Ակնհայտ է, որ նման էժանագին բովանդակությամբ լուրերով նյութի հեղինակները փորձում են վարկաբեկել Հակակոռուպցիոն կոալիցիան և դրա նախաձեռնողներին, այդ թվում` Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան (այսուհետ՝ ՀԵԻԱ), միաժամանակ փորձելով մոլորության մեջ գցել հասարակությանը:

Հակակոռուպցիոն պայքարը սևացնելու Վանաձորի քաղաքային իշխանությունների այս նկրտումները պայմանավորված են նաև հետևյալ հանգամանքներով.

Նախ ՀԵԻԱ Լոռու մարզային մասնաճյուղի ղեկավար, փաստաբան Արթուր Սուքիասյանը, որպես փաստաբան վերջերս դատական հայց է ներկայացրել Վանաձորի քաղաքապետարանի դեմ` վարչական վարույթը կասեցնելուց ձեռնպահ մնալու և տեղեկատվություն տրամադրելու պարտավորեցնելու, վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջների մասին, մասնավորապես պահանջելով` վարչական պատասխանատվության ենթարկել քաղաքապետ Սամվել Դարբինյանին տեղեկատվություն չտրամադրելու համար:

Եվ երկրորդ` Հակակոռուպցիոն կոալիցիայի անդամներ հանդիսացող ՀԵԻԱ-ի Լոռու մարզային մասնաճյուղն ու Լոռեցիների միավորում ԲՀԿ-ն ակտիվորեն ներգրավված են Վանաձորի քաղաքապետարանի գործունեության նկատմամբ հանրային վերահսկողություն իրականացնելու գործում:

Այսպիսով` ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դատապարտելով նմանօրինակ գործելաոճը` կոչ է անում Վանաձորի քաղաքային իշխանություններին ձեռնպահ մնալ անբարեխիղճ գործողություններից:

Քաղաքացիական հասարակական կազմակերպությունների Հակակոռուպցիոն կոալիցիա

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ