Ի՞նչ կապ ունի ֆինանսների նախկին նախարարը խոշոր չափի հափշտակության մեջ մեղադրվողի հետ

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի անունը սեպտեմբերից սկսեց փոխկապակցվել Արթուր Սարգսյան անձի հետ, ով մեղադրվում է խոշոր չափի հափշտակության մեջ: Արթուր Սարգսյանի գործով դատն ընթանում է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում (դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ):

Հիշեցնենք` Արթուր Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ներկայանալով որպես պաշտոնատար անձ, իսկ առանձին դեպքերում` որպես արտերկրում եկամտաբեր ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձնավորություն, 2008թ. սեպտեմբեր ամսից մինչև 2012թ. մարտ ամիսը ներառյալ ժամանակահատվածում, տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ գործարքներ կատարելու պատրվակով, խարդախությամբ` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով, ներքոհիշյալ դրվագներով կատարել է առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություններ: Ընդ որում` այս անձը նշյալ ժամանակահատվածում ներկաUntitledյացել է որպես Արտյոմ Առուստամյան:

Նրա գործով շոշափվում է նաև ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանի անունը: Թեև այս մարդիկ համանման ազգանուններ ունեն, սակայն բարեկամական որևէ կապի մեջ չեն, համենայն դեպս, այսպիսի ցուցմունքներ էին դատարանում տալիս երկուսն էլ:

Արթուր Սարգսյանի գործով Դավիթ Սարգսյանը հարցաքննվեց ս.թ. սեպտեմբերի 26-ին: Պատճառն այն էր, որ գրեթե բոլոր տուժողներն իրենց ցուցմունքներում նշում էին, որ Արթուր Սարգսյանը, ով ներկայացել է Արթտյոմ Առուստամյան անվամբ, ուղիղ կապ է ունեցել ֆինանսների նախկին նախարարի հետ, անգամ իրենց համոզել է, թե հենց Դավիթ Սարգսյանն է իր մեջքին կանգնած, ուստի անհանգստանալու ոչինչ չկա:

Դավիթ Սարգսյանը դատարանում կտրուկ հերքեց Արթուր Սարգսյանի հետ ունեցած իր կապի մասին, նա պնդեց, որ ո՛չ հեռախոսազրույց է ունեցել ամբաստանյալի հետ, ո՛չ էլ հանդիպել է նրան: Գործի նյութերից երևում է, որ առնչություն այնուամենայնիվ եղել է:

Մասնավորապես` 2013թ. հունիսի 18-ին ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Վ. Գաբրիելյանին ՀՀ պետական պահպանության ծառայության պետ Հ. Հարությունյանից պատասխան է եկել, որ «2012թ. հունվարից մինչև 2013թ. փետրվար ամիսն ընկած ժամանակաշրջանում ՀՀ կառավարության շենք մուտք գործած անձանց տվյալների գրանցման մատյանների զննությամբ պարզվել է, որ Արտյոմ Աշոտի Առուստամյանը ՀՀ կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Դավիթ Սարգսյանի կողմից իջեցված հայտի համաձայն երկու անգամ մուտք է գործել վարչական շենք» (տես` լուսանկարում):

Այստեղ պետք է ուշադրություւն դարձնել բառերին` «Դավիթ Սարգսյանի կողմից իջեցված հայտի համաձայն», այսինքն` այս հայտը իջեցվել է, ոչ թե Դավիթ Սարգսյանի հրահանգով կամ հանձնարականով, այլ նրա կողմից:

Միաժամանակ նույն գրության մեջ ասվում է, որ «Արթուր Սարգսյանի մուտքի և ելքի վերաբերյալ ՀՀ կառավարության շենք մուտք գործած անձանց տվյալների գրանցման մատյաններում գռարումներ չկան»:
Այն օրերին (2012թ. ապրիլի 10-ին և 2012թ. սեպտեմբերի 4-ին), երբ Արտյոմ Առուստամյան ներկայացած անձը Դավիթ Սարգսյանի կողմից իջեցված հայտի համաձայն երկու անգամ մուտք է գործել վարչական շենք, գրանցամատյանում նրա անվան դիմաց` «ում մոտ» տողում նշվում է Դավիթ Սարգսյանի անունը, միաժամանակ անձը երկու դեպքում էլ անձնագիր չի ներկայացրել (Տես` 1-ին գրանցամատյան, 2-րդ գրանցամատյան):

21

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արտյոմ Առուստամյանը կեղծանուն է, բնականաբար անձնագիր չէր կարող լինել նրա մոտ: Ի դեպ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի կայքում (www.elections.am) ՀՀ ընտրողների ռեգիստրում, Արտյոմ Առուստամյան անուն-ազգանունով 6 քաղաքացի կա, սակայն Արտյոմ Առուստամյան Աշոտի հայրանունով անձ այս 6 քաղաքացիների մեջ չկա:

Շարունակելի…

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ