ԱԱԾ Առաջին սահմանապահ ջոկատին հանձնվեց զորամասի մարտական դրոշը

ԱԱԾ սահմանապահ զորքերի Առաջին սահմանապահ ջոկատին այսօր հանդիսավոր կերպով հանձնվեց զորամասի մարտական դրոշը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության պաշտոնական կայքից: ԱԱԾ տնօրենի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Արզուման Հարությունյանն ընթերցեց զորամասին մարտական դրոշ հանձնելու մասին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վկայագիրը: 
<<Մարտական դրոշը հանձնվում է ՀՀ կառավարությանն առընթեր ԱԱԾ սահմանապահ զորքերի առաջին սահմանապահ ջոկատին, որպես զինվորական պատվի, փառքի եւ արիության խորհրդանիշ, որպես հիշեցում ջոկատի յուրաքանչյուր զինծառայողին իր սրբազան պարտքի, հայրենիքին անձնվիրաբար ծառայելու, այն քաջաբար եւ հմտորեն պաշտպանելու, հայրենի հողի յուրաքանչյուր թիզը թշնամուց պաշտպանելու մասին՝ չխնայելով արյունը եւ նույնիսկ՝ կյանքը>>,- ասված էր հանրապետության ղեկավարի վկայագրում:
ԱԱԾ տնօրենի տեղակալը, շնորհավորելով զորամասի անձնակազմին, նշեց, որ սահմանային անվտանգությունը մեր երկրի անկախության, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ պետության եւ ժողովրդի անվտանգության ապահովման կարեւորագույն բաղադրիչն է, որ այսօր անցել է զարգացման հաստատակամ ճանապարհ եւ գտել իր ուրույն տեղը ՀՀ զինված ուժերի ընդհանուր համակարգում: 
Հանդիսավոր միջոցառման ընթացքում մի շարք զինծառայողներ ՀՀ ԱԱԾ տնօրենի, սահմանապահ զորքերի հրամանատարի և ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի հրամանատարի հրամաններով պարգևատրվեցին շքանշաններով և պատվոգրերով: Հանդիսավոր երթից հետո ԱԱԾ սահմանապահ զորքերի հատուկ ստորաբաժանումները ցուցադրական վարժանքներ ներկայացրեցին:

Լուսանկարը՝ sns.am-ի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել