Արդարադատության խորհրդի նիստերն առաջիկայում դռնբաց կլինեն

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ հավանության արժանացան ՀՀ դատական օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի խոսքով` այն կարգավորում է մի քանի հարցեր, որոնք ընդգրկված են Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հաստատված դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրում: Նա դրանցից առանձնացրեց մի քանիսը:

«Մշակել դատավորների գործունեության գնահատման օբյեկտիվ չափանիշներ, ինչն այս նախագծով արվել է և հիմք է ընդունվել միջազգային լավագույն փորձը: Հատուկ պատվիրել ենք Ամերիա խմբին, որպեսզի վերլուծություններ կատարվի, ինչպես նաև ԺՄԻԳ-ի կողմից Մոլդովայի համար պատրաստված նախագիծը: Նախագիծն այս մասով ուղարկվել է նաև Վենետիկի հանձնաժողով և նրանց տված կարծիքի հիման վրա նախագիծն ամբողջությամբ մշակվել է: Այս համակարգի ներդրումն ըստ էության հնարավորություն կտա խթանել դատավորների ինքնավերլուծությունը, դատավորներին մատնանշել իրենց աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղիները և առաջակցել դատավորների առաջխաղացման համար լավագույն թեկնածուներին ընտրելուն և այլն: Այս առումով բավականին մանրամասն նկարագրված է»,- նշեց Հրայր Թովմասյանը:

Նրա խոսքով` երկրորդ խնդիրը, որը նախագծով կարգավորվում է կապված է կարգապահական պատասխանատվության ընթացակարգերի հետ:

«Օրենսդրությունն «ակնհայտ կոպիտ» հասկացությունն ամբողջությամբ չէր սահմանում, թեպետ օրենսդիրն ի սկզբանե նպատակ էր հետապնդել, որ Արդարադատության խորհուրդն այս հարցերին պատասխան կտա, բայց իրավակիրառական պրակտիկայում մենք խնդիրներ էինք ունենում այս հասկացության մեկնաբանության հետ»,- հայտնեց նախարարի պաշտոնակատարը: Ըստ նրա` նախագծով որոշակի ուրվագծվում է, թե այս ամբողջն իրենից ինչ է ներկայացնում:

Թեմայի վերաբերյալ երկրորդ խնդիրը վերաբերում է ժամկետներին: Մենք այսօրվա կարգավորումների պայմաններում կարող էինք հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ մի կողմից Արդարադատության խորհրդում հարուցված էր կարգապահական վարույթ, բայց մյուս կողմից դեռևս Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարաններում գործի քննությունը շարունակվում էր:

«Այստեղ Արդարադատության խորհրդի որոշումը կարող էր ազդել նաև այս վերադաս ատյանների վրա, ուստի, ժամկետները նախատեսված է այնպես, որպեսզի դրանք ըստ էության չհամընկնեն»,- տեղեկացրեց Հրայր Թովմասյանը:

Նա նշեց նաև, որ նախագծով Արդարադատության խորհուրդի նիստերը կլինեն դռնբաց, և միայն դատավորի միջնորդությամբ այն կարող է անցկացվել դռնփակ` հակառակ այսօր գործող կարգավորմանը:

Արդարադատության նախարարի պաշտոնակատարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ այս խնդիրների լուծումը կապված է երկրի միջազգային պարտավորությունների և Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հաստատված դատաիրավական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրի հետ:

Հրայր Թովմասյանը նշեց, որ այս նախագծի ընդունումը նաև հիմք է Եվրոմիության հետ կնքած պայմանագրով «Աջակցություն բյուջեին» ծրագրով այս տարվա վերջին մոտ 7,5 միլիոն գումար ստանալու համար և քանի որ նախագծի ընդունումը Վենետիկի հանձնաժողով ուղարկելու պատճառով ժամկետներից մի փոքր հետ է մնացել, ուստի, խնդրեց նախագծի ընդունումն անհետաձգելի համարել և սահմանված կարգով ուղարկել Ազգային ժողով:

 

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ