Անհրաժեշտության դեպքում փաստաբանների գործադուլին հացադուլով կմիանան վստահորդները

Փաստաբան Հայկ Ալումյանը հիշում է մի որոշում, որի սկիզբը վերաբերում էր մի անձի, իսկ որոշման վերջը մեկ այլ անձի: Այդ որոշման վերջում ստորագրել ու կնիք էին դրել 5 դատավոր, սակայն ոչ ոք չէր նկատել առկա սխալը:
Այսօր շուրջ 200 փաստաբաններ չեն մասնակցել դատական նիստերին, քննչական գործողություններին: Նրանք մեկօրյա գործադուլ են հայտարարել ի նշան դատական համակարգում առկա բարձիթողի իրավիճակի:
«2007 թվականին օրենք ընդունեցին, Դատական օրենսգրքի 13 հոդվածի 6-րդ կետով, դատավորի անձեռմխելիությունը` կաշառքը դարձրին թույլատրելի: Ուղիղ ասում եմ երեք տող է` եթե դատավորը շահադիտական նպատակներով, կամ անձնական այլ դրդումներից ելնելով կայացնում է ակնհայտ անարդար վճիռ, դատավճիռ, որոշում, ապա այդ դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանները նույնն են թողել այդ ակնհայտ, անարդար վճիռը շահադիտական նպատակներով: Այսինքն` կաշառքը բոլորի համար դարձրին թույլատրելի, անպատժելի: Դիմել եմ մինչև Սահմանադրական դատարան այդ խայտառակ հոդվածը վերացնելու համար, Սահմանադրական դատարանը գրել է, որ դա մարդու իրավունքներին չի հակասում»:
Փաստաբան Լուսինե Սահակյանի խոսքով` իրենց բողոքը միայն Վճռաբեկ դատարանից չէ: Փաստաբանները բողոքում են և’ հետաքննության, և’ նախաքննության մարմիններից, և’ դատախազության գործելաոճից, ինչպես նաև Առաջին ատյանի և Վերաքննիչ դատարաններից:
«Մենք մեր բողոքի ակցիան կազմակերպել ենք ընդդեմ Վճռաբեկ դատարանի, որովհետև քաջ գիտակցում ենք, որ եթե Վճռաբեկ դատարանը լիներ իր դիրքում և դերում, ապա և’ Առաջին, և’ Վերաքննիչ դատարանները նորմալ դատական ակտեր կկայացնեին և, իհարկե, նախաքննություն իրականացնող մարմինը, դատախազությունը այլևս խախտումներ թույլ չէին տա»:
Գործադուլի կազմակերպիչները նախատեսում են անհրաժեշտության դեպքում գործադուլը երկարաձգել, թույլ տալ նաև իրենց վստահորդներին միանալ իրենց հացադուլով:

Նունե Հովսեփյան

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել