Ի՞նչ պետք չէ անել, եթե ստացել եք վճարման կարգադրություն

Վճարման կարգադրության ինստիտուտն ամրագրված է ինչպես ՀՀ Քաղաքացիական, այնպես էլ Վարչական դատավարության օրենսգրքերում: Սակայն պրակտիկայում առավել կիրառելի է վարչական դատավարությունում:

Ֆիզիկական և իրավաբանական անձից վարչական ակտի հիման վրա որոշակի դրամական գումարներ բռնագանձելու նպատակով վարչական մարմինը հայցով դիմում է դատարան՝ ստանալու վճարման կարգադրություն: Դատարանը, վճարման կարգադրությունը մերժելու հիմքերի բացակայության դեպքում, առանց ստուգելու հայցի հիմնավորվածությունը, արձակում է վճարման կարգադրություն: Ընդ որում, վճարման կարգադրությունը ներառում է նշում առ այն, որ դատարանն ըստ էության չի ստուգել պահանջի հիմքում ընկած վարչական ակտի օրինականությունը:

Վճարման կարգադրությունը ներառում է նաև կարգադրություն` վճարման կարգադրությունը ստանալու կամ պատշաճ ծանուցված համարվելու պահից երկու շաբաթվա ընթացքում կատարելու հետևյալ գործողություններից որևէ մեկը.

ա. կատարել վճարման պահանջը, եթե պատասխանողը պահանջը հիմնավորված է համարում,
բ. ներկայացնել հակընդդեմ հայց` վարչական ակտը վերացնելու կամ փոփոխելու վերաբերյալ, եթե պատասխանողը վարչական ակտը համարում է ապօրինի.

3) նշում այն մասին, որ հակընդդեմ հայց ներկայացնելու դեպքում վեճը քննվելու է հայցային վարույթով, որի դեպքում պարտվող կողմը կրելու է դատական ծախսերը.

4) նշում այն մասին, որ սահմանված ժամկետում հակընդդեմ հայց չներկայացնելու դեպքում վճարման կարգադրությունբաը ստանում է օրինական ուժի մեջ մտած վճռի ուժ և ենթակա է հարկադիր կատարման:

Իրավաբանական խորհրդատվության դիմող քաղաքացիների մեծ մասը թույլ են տալիս հետևյալ սխալը՝ ստանալով վճարման կարգադրությունը՝ այն դնում են մի կողմ, համարելով, որ իրենց ոչինչ չի սպառնում, քանի որ միևնույն է վարչական ակտը «ապօրինի» է: Այս տարբերակի կիրառման դեպքում վճարման կարգադրությունը կմտնի ուժի մեջ և անձը, ում անվամբ արձակված է վճարման կարգադրությունը, հետագայում ստիպված կլինի վճարել պահանջվող գումարը, անկախ այն հանգամանքից՝ իրականում վարչական ակտը եղել է իրավաչափ, թե ոչ:

Հետևաբար, եթե իրականում գտնում եք, որ վճարման կարգադրության հիմք հանդիսացած վարչական ակտը ոչ իրավաչափ է, մի զլացեք սահմանված 14-օրյա ժամկետում դատարանին ներկայացնել հակընդդեմ հայց՝ վիճարկելով վարչական ակտի իրավաչափությունը:

Արփինե Եղիկյան
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել