Շարունակական վանդալիզմ հայկական եկեղեցիներում: Կիրանց վանքի անմխիթար վիճակը

Հայոց եկեղեցինների անմխիթար ու բարձիթողի վիճակի մասին առաջին անգամ չէ, որ պետք է բարձրաձայնենք, առավել ևս, որ այն գրեթե նորություն չէ մեր հասարակության, պետական մարմինների, ավելին՝ Հայ Առաքելական Եկեղեցու համար:

Այն ինչ կարելի է առաջին հայացքից տեսնել 12-13-րդ դարերում կառուցված Կիրանց վանքում, ոչ ավել քան իրավական տեսնակյունից վանդալիզմ է, պատմության, մշակույթի հուշարձանների վնասում, իսկ մարդկային տեսնակյունից՝ մեղմ ասած անբարոյականություն:

Ովքեր չգիտեն տեղեկացնեմ, որ Կիրանց վանքը գտնվում է ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղից (գյուղը գտնվում է ՀՀ պետական սահմանից 1.5 կմ հեռավորության վրա) մոտ 12 կմ արևմուտք, Ոսկեպար գետակի վտակ Կունենի ձախ ափին, գեղատեսիլ անտառապատ հարթավայրում, հիմնադրվել է XII-XIII դդ.:

Համալիրը բաղկացած Է երեք եկեղեցիներից, սեղանատնից և մի քանի տնտեսական շենքերից` բոլորը շրջապատված պարիսպներով, որոնք այսօր վեր են ածվել ավերակների: Վանքի համարյա բոլոր կառույցները աղյուսաշեն են և այդ տեսակետից հայկական միջնադարյան ճարտարապետական եզակի հուշարձաններ են:

Կիրանց վանքի գլխավոր եկեղեցին և սեղանատունը զարդարված են եղել որմնանկարներով, որոնք այսօր էլ դեռ նշմարելի են պատերին: Գլխավոր եկեղեցու գմբեթին «Համբարձման» տեսարանն է` չորս հրեշտակ (ցավոք այսօր երկուսն են պահպանվել) վեր են բարձրացնում կապույտ Փառապսակը` «Քրիստոսը գահին նստած» պատկերով, թմբուկի վերին մասում աղոթող Աստվածածինն է` հրեշտակներով և երկու առաքյալներով շրջապատված, միջին մասում առաքյալներն են, ներքևում` տեսարաններ Հին կտակարանից: Չորս առագաստներին պատկերված են նստած ավետարանիչները: Խորանի գմբեթարդին գահին նստած Աստվածածինն է Մանկան հետ, կողքին` երկու հրեշտակ: Որմնանկարների հաջորդ շարքում «Հաղորդության» տեսարանն է` կանգնած Քրիստոսին երկու կողմից մոտեցող 6-ական առաքյալներով: Լուսամուտի խորշում պատկերված են հրեշտակները, ցածում, շարժման մեջ` ձեռքերին մագաղաթե գալարափաթեթներով տասը սրբեր:

Կիրանց վանքի որմնանկարները, ընդհանուր առմամբ առնչվելով XIII դ. բյուզանդական արվեստի հետ, միաժամանակ ունեն արևելաքրիստոնեական արվեստին բնորոշ առանձնահատկություններ:

Սակայն այսօր այս որմնանկարներից միայն հետքերն են մնացել, իսկ մնացած մասն էլ անարգվել և ոչնչացվել են եկեղեցու այցելուների կողմից: Ստեղծված պատկերը անդաստիարակության, տգիտության, անբարոյականության դրսևորում է, որն արդարացում չունեն: Անկախ այն հանգամանքից, այս մեկուսի հուշարձանը գործող եկեղեցի է, թե՝ չգործող, այն կանգուն է շուրջ 8-9 դար, և տասնյակ սերունդների է իր կամարների ու հոգեվոր պատերի գիրկն ընդունել, հազարավոր աղոթնքներ, խնդրանքներ, ցանկություններ են հնչել այդ եկեղեցու պատերից ներս ու դուրս, անհաշվելի ուխտավորներ և հավատացյալներ են իրենց աղոթքներն ուղղել առ Աստված, գուցե աղոթել են հենց թշնամուց հայ հողը զերծ պահելու համար, եկեղեցու կանգունության համար…

Բայց այսօր մարդիկ այնքան են գազանացել և չարացել, որ անգամ երազանքների իրականացման համար աղոթելու փոխարեն (առհասարակ երևի չգիտեն էլ ինչ է աղոթքը և ինչու են մարդիկ աղոթում) վնասում են եկեղեցու պատերը, փորագրում իրենց անունները, ծննդյան տարեթվերը, սիրած էակի (թեև այդ տեսարանից հետո արդեն դժվար է կարծել, որ նման մարդիկ ընդունակ են որևէ զգացմունքների) անունը, բառիս ամենաուղիղ իմաստով ոչնչացնում պատմական արժեք ներկայացնող որմնանկարները, սրբապատկերները քերում և տեղում իրենց անուններն ու «գործողությունները» փորագրում…

Երևի ավելի մեղմ եմ ներկայացնում այն ամենը, ինչ կարելի է տեսնել իրականում պարզ աչքերով:

Ավելի քան 12կմ անտառով, ցեխապատ, դժվարանցանելի ճանապարհներն 4-5 ժամ ոտքով հաղթահարելուց հետո տեսնել հիասքանչ ու յուրօրինակ եկեղեցի, որը լքված է բոլորի կողմից, միայնակ, անմխիթար, բայց վեհորեն կանգնած է անտառապատ սարալանջին, պարզապես չես կարող  չհիանալ այդ հիասքանչ քրիստոնեական և մշակութային արժեքով ու գնահատել հայ ճարտարապետության անկրկնելի առանձնահատկությունները: Միևնույն ժամանակ տեսնելով այդ ողբալի տեսարանը ուղղակի սրտիցդ արյուն է կաթում, չես կարողանում որևէ բառ արտաբերել, անգամ չես կարողանում հանգիստ վայելել բնության այդ հրաշքը: Ուղղակի լուռ քայլում ես, մտորում ու լուսանկարներ անում…

Ակամա մտածում ես. «…և Աստծո տունն այսպես վնասելով կարծում եք պետք է ձեր երազանքներն իրականանա՞ն…»…  Հիշե՛նք ինչպես Քրիստոսը մաքրեց տաճարն ասելով՝ «Իմ տունն աղոթքի տուն պիտի կոչվի»… Իսկ ի՞նչ է այսօր հայ մարդը դարձրել Աստծո տունը՝ աղոթքի տնից, ուխտատեղիից …

Եվ այսքանից հետո հայերս ինչու՞ ենք դժգում, որ օտար հողում հայկական եկեղեցիները գետնին են հավասարեցվում, անարգվում կամ անասնագոմի վերածվում, եթե հայրենիքում, հայն իր ձեռքով, գիտակցաբար պղծում է այն, հայ հողում դրանք անտեսվում են պետության հովանավորությունից և «վրիպում» Հայ Առաքելական Եկեղեցու տեսադաշտից… Գուցե հենց պետության այս բարձիթողի վիաճա՞կն է սնում մարդկային նման արհամարանք դեպի կրոնը, մշակույթը, եկեղեցին: 

Ամբողջական լուսանկարները կարող եք դիտել այստեղ

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել