Ո՞վքեր են խնամատար ծնողներն ու նրանց հոգեզավակները

Շուրջ ութ տարի է, ինչ Հայաստանում գործում է խնամատար ընտանիքի համակարգը։ Այս համակարգը հնարավորություն է ստեղծում առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին իրենց դաստիարակությունը ստանալ մեկ այլ ընտանքիում։ Երեխայի դաստիարակությունը կարող է իրականացվել խնամատար ընտանիքում երեխային ընտանիք դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի հիման վրա:

Քաղաքացիները, որոնք ցանկություն են հայտնել դաստիարակության վերցնել առանց ծնողական խնամքի մնացած երեխա, համարվում են խնամատար ծնողներ: Խնամատար ընտանիք դաստիարակության համար հանձնվող երեխան համարվում է հոգեզավակ, իսկ խնամատար ծնողներից և հոգեզավակներից կազմված ընտանիքը` խնամատար ընտանիք:
Երեխային խնամատար ընտանիքում դաստիարակվելու նպատակով հանձնում են մինչև նրա չափահաս դառնալը՝ պայմանագրով նախատեսված ժամկետով։

Դաստիարակության համար երեխային ընտանիք հանձնելու մասին պայմանագրով պետք է նախատեսվեն երեխայի ապրուստի, դաստիարակության և կրթության պայմանները։

Հոգեզավակների խնամքի և դաստիարակության համար խնամատար ծնողներին տրվող վարձատրության չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Դաստիարակության համար երեխային ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը կարող է վաղաժամկետ լուծվել խնամատար ծնողների նախաձեռնությամբ, հարգելի պատճառների առկայության դեպքում։

Ո՞վքեր կարող են դառնալ խնամատար ծնողներ.

Խնամատար ծնողներ կարող են լինել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացիները, բացառությամբ՝ մի քանի դեպքերի։ Խնամատար ծնողների ընտրությունն իրականացնում են խնամակալության և հոգաբարձության մարմինները։ Խնամատար ծնողները դաստիարակության հանձնված երեխայի նկատմամբ ձեռք են բերում խնամակալի իրավունքներ ու պարտականություններ։

Ո՞ր երեխան խնամատար ընտանիքում դաստիարակություն ստանալու իրավունք ունի.

Խնամատար ընտանիքին դաստիարակության համար հանձնվում է առանց ծնողական խնամքի մնացած երեխան։ Խնամատար ընտանիքին դաստիարակության չեն կարող հանձնվել հիվանդությամբ տառապող երեխաները, եթե խնամատար ընտանիքը հակառակը չի պնդում:Խնամատար ընտանիքին հանձնելու համար երեխայի նախնական ընտրությունն իրականացնում են երեխային դաստիարակության համար ընտանիք ընդունել ցանկացող անձինք՝ խնամակալության և հոգաբարձության մարմինների համաձայնությամբ։

Արգելվում է եղբայրներին ու քույրերին առանձին խնամատար ընտանիքներ հանձնելը, բացառությամբ այն դեպքերի, եթե դա բխում է նրանց շահերից։ Երեխային խնամատար ընտանիք հանձնելն իրականացվում է՝ հաշվի առնելով տասը տարին լրացած երեխայի կարծիքը։ Դաստիարակության համար երեխային ընտանիք հանձնելու մասին պայմանագիրը դադարում է որդեգրման պահից:

Հասմիկ Գևորգյան

Իրավաբան.net-ի հանրային թղթակից

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել