«Պատիվ ունեմ» ծրագրին դիմելու վերջնաժամկետը երկարացվել է

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակվել է կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումների կատարելու մասին նոր նախագիծ:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի  22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի պահանջների համաձայն 2018/2019 ուսումնական տարում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող անձանց պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու հնարավորություն ընձեռելու, ինչպես նաև որոշման մի շարք դրույթներ 26.06.2018թ. ՀՕ-344-Ն օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Գործող որոշմամբ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող (բուհ ընդունված) անձանց կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու ցանկություն ունենալու դեպքում համապատասխան դիմումների ներկայացման ժամկետ է սահմանված յուրաքանչյուր տարվա մինչև հունիսի 1-ը:

Քանի որ օրենքով կարգավորվող հարաբերությունները նոր են, միաժամանակ գործող որոշումն ուժի մեջ է մտել 2018թ. մայիսի 3-ից, շատ ուսանողներ և դիմորդներ անտեղյակության պատճառով չեն իմացել նման հնարավորության մասին և սահմանված կարգով ու ժամկետում չեն դիմել իրենց հաշվառման վայրի զինկոմիսարիատ: Արդյունքում ՀՀ պաշտպանության նախարարությունը ստացել է բազմաթիվ դիմումներ՝ հիմնականում 2018/2019 ուսումնական տարում բուհ-եր ընդունված ուսանողներից, ովքեր ևս ցանկություն են հայտնել ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքելու նման պայմանագիր:

Բացի այդ, ՀՀ կառավարության 03.05.2018թ. N 538-Ն որոշմամբ «Պատիվ ունեմ» ծրագրի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) 500 տեղի համար համապատասխան պայմանագիր է կնքվել 254 ուսանողի հետ, իսկ մնացած 246 տեղերը չեն լրացվել: Գործընթացի շրջանակներում արդեն իսկ համաձայնություն է ձեռք բերվել “Գնահատման և թեստավորման կենտրոն” պետական ոչ առեւտրային կազմակերպության հետ, թեստավորում իրականացնել ս.թ. նոյեմբեր ամսվա ընթացքում: Միաժամանակ, օրենքում 26.06.2018թ. ՀՕ-344-Ն օրենքով կատարվել են փոփոխություններ, որի համաձայն որպես կնքված պայմանագրի հրաժարագին սահմանված ուսման վարձի կրկնապատիկը վճարելու պարտավորություն չի ծագում այն անձանց համար, ում հետ կնքված պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է վերջիններիս՝ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու և (կամ) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով:

Նախագծի հիմանվորման մեջ նշված է, որ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն «Պատիվ ունեմ» ծրագրի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

Պայմանագիր կնքելու ցանկություն ունենալու դեպքում պետք է դիմել ՀՀ պաշտպանության նախարարությանը՝  մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել