Մասիսի քաղաքապետի կալանքի ժամկետը երկարացվել է. փաստաբանը պնդում է՝ դատավորը խախտել է օրենքն ու նրա կամքին հակառակ հանրային պաշտպան ներգրավել

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանը խախտելով Սահմանադրության, Կոնվենցիայի և քրեական դատավարության բոլոր վերաբերելի նորմերը, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի կամքին հակառակ ներգրավել է հանրային պաշտպան և առանց պաշտպանության կողմի ներկայության որոշում է կայացրել կալանքի ժամկետը երկարացնելու մասին։ Նման խայտառակ և բացահայտ ապօրինություն դժվար էր պատկերացնել Նոր Հայաստանում, սակայն դա արդեն փաստ է։

Ակնհայտ է նաև, որ նման ապօրինություն կարող էր տեղի ունենալ միայն իրավապահ ողջ համակարգի համատեղ ջանքերով։ Կարծում եմ, ամենինչ առավել քան պարզ է։ Օրենքը և արդարադատատությունը այստեղ պարզապես բացակայում են, իսկ տեղի ունեցողը մի օր պետք է դառնա առանձին քննության առարկա»։

Հիշեցնենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա և քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել։ Գործով մեղադրանք է առաջադրվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա տեղակալին և ևս 3 անձի:

Հունիսի 2-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ձերբակալումը և կարգադրել նրան անհապաղ ազատ արձակել, այնուհետև կրկին կալանավորել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել