Կրակոց Վանաձորում. կասկածյալը կրակել է մոր հրացանով

Օգոստոսի 12-ին, ժամը 20:10-ին, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները տեղեկություններ ստացան, որ րոպեներ առաջ Վանաձորի «Արհեստական լճեր» կոչվող տարածքում լսվել է կրակոցի ձայն, որից հետո այդ վայրում հավաքված անձինք փախել են:

Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Ոստիկանները դեպքի վայրում իրականացնում էին համապատասխան աշխատանք, երբ «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանություն ահազանգ ստացվեց, որ «աջ ազդրի բաց բեկորային կոտրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ: Ըստ բժիշկների՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ, ըստ նախնական տվյալների, «Լճեր» սրճարանում երիտասարդին հրազենային վնասվածք է պատճառել Կոկո մականվամբ Կորյուն Մուրադյանը:
Պարզվել է նաև, որ Մուրադյանը կրակել է իր մոր անունով հաշվառված «Մավերիկ» տեսակի ողորկափող որսորդական հրացանով, ինչից հետո զենքը նետել է հարակից գետն ու փախել:
Դեպքից ժամեր անց Կորյուն Մուրադյանը հայտնաբերվել և հրազենային վիրավորում պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին:
Հրացանը հայտնաբերվել է գետում:
Կատարվում է քննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել