Ի՞նչ հիվանդությունների դեպքում և ինչ ընթացակարգով է անձն ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կանոնակարգում է քաղաքացիներին առողջական վիճակի պատճառով պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կամ տարկետում տրամադրելու գործընթացը:

Այն հիվանդությունների ցանկը, որոնց հիման վրա իրականացվում է նշված գործընթացը, սահմանված է ՀՀ պաշտպանության նախարարի 2013թ. ապրիլի 8-ի թիվ 410-Ն հրամանով հաստատված զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգով։

Քաղաքացիներին զորակոչային տեղամասերին կցագրելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ տարածքային զինկոմիսարիատները կազմակերպում և անցկացնում են նրանց համակողմանի ուսումնասիրություն՝ առողջական և ֆիզիկական զարգացման վիճակը գնահատելու համար: Ընդ որում` յուրաքանչյուր քաղաքացու առողջական վիճակը որոշվում է անհատական գնահատման կարգով: Այն դեպքերում, երբ զորակոչիկի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան զորակոչել, նա ներկայացվում է կենտրոնական բժշկական հանձնաժողով՝ վերջնական որոշում կայացնելու համար:

Առանձին դեպքերում ախտորոշումը ճշտելու նպատակով կենտրոնական բժշկական հանձնաժողովը կարող է զորակոչիկին հսկողական հետազոտման ուղարկել զինվորական բուժհիմնարկ: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն ժամանակավորապես խանգարող, բայց բուժման ենթակա հիվանդություններ ունեցող զորակոչիկներին հանրապետական զորակոչային հանձնաժողովը տալիս է տարկետում մինչև մեկ տարի ժամկետով:

Տարկետման ժամկետը լրանալուց հետո, անկախ առողջական վիճակից, զորակոչիկները նորից ներկայացվում են կենտրոնական բժշկական հանձնաժողով: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն խանգարող և անբուժելի հիվանդություններ կամ արատներ ունեցող զորակոչիկները հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից վերափորձաքննության ոչ ենթակա հոդվածներով խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս հաշվառվում են պահեստազորում կամ ճանաչվում են զինվորական ծառայության համար ոչ պիտանի՝ հանվելով զինհաշվառումից: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն խանգարող և դժվար բուժվող հիվանդություններ ունեցող զորակոչիկներին հանրապետական զորակոչային հանձնաժողովն առողջական վիճակի պատճառով տալիս է տարկետում 3 տարի ժամկետով:

Տարածքային զորակոչային հանձնաժողովի կողմից զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված զորակոչիկները հանրապետական հավաքակայանում անցնում են լրացուցիչ բժշկական հետազոտում: Եթե հանրապետական հավաքակայանում հայտնաբերվում են զորակոչիկների զինվորական ծառայությանը խանգարող հիվանդություններ, ապա նրանք հետ են վերադարձվում կրկնակի փորձաքննության: Բոլոր նման դեպքերի համար զինկոմիսարիատ է ուղարկվում ծառայողական նամակ՝ նշելով զորակոչիկի հետ ուղարկվելու պատճառը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել