Առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց

Հանրապետության համայնքների տրանսպորտային սպասարկումն ապահովելու նպատակով առաջարկվում է ստեղծել միասնական երթուղային ցանց: Այս մասին այսօր՝ հունվարի 15-ին, Ազգային ժողովի տարվա առաջին նիստի ընթացքում հայտարարեց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը:

Նա նշեց, որ ծրագրի շրջանակներում հնարավոր կլինի կազմակերպել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան։

Գագիկ Գրիգորյանը նաև նշեց, որ 2017 թ-ի ուսումնասիրությունները ցույց են տվել՝ 230 համայնք չուներ տրանսպորտ, իսկ տարվա վերջում նման մարզերի թիվը հասնում էր 170. «Փոխնախարարը նաև նշեց, որ անհրաժեշտության դեպքում կլինեն նաև չվացուցակներ»։

Պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ հարցրեց, թե արդյոք առաջարկվող փոփոխությունները կազդեն որակյալ ծառայությունների մատուցման վրա։

«Բազմաթիվ բողոքողներ կան տրանսպորտային միջոցների հնամաշ, ժամկետանց լինելուց, բազմաթիվ դեպքեր ունենք, որոնց հետևանքով ունենում ենք զոհեր։ Մեկ միասնական  ուղևորափոխադրողների վերաբերյալ ձեր առաջարկը կարո՞ղ է այս խնդիրները լուծել, որ բազմաչարչար «գծատերեր» հասկացությունը վերանա, ոլորտը կարգավորվի ու վերջապես քաղաքացին արժանապատիվ տեղափոխվելու իրավունքից օգտվի։ Այս առաջարկով դուք խնդիրնե՞ր եք լուծում, թե՞ուղղակի կոսմետիկ փոփոխություններ եք անում», – հարցրեց Սերգեյ Բագրատյանը։

Փոխնախարարը նշեց, որ դրանք ոչ թե կոսմետիկ, այլ հիմնարար փոփոխություններ են, որոնք հնարավորություն կընձեռեն հանրապետական գործադիր մարմնին իր գործառույթներն իրականացնելու համար. «Ամբողջ աշխատանքը պետք է նաև ՏԻՄ մարմինների հետ համաձայնեցվի։ Ամբողջ նպատակն այն է, որ ազգաբնակչությանն ապահովենք արժանավայել սպասարկումով: Ծրագրի արդյունքում կլինի  մեկ երթուղային ցանց, որը կունենա մեկ միասնական օպերատոր, ով կկառավարի ամբողջ տրանսպորտային համակարգը, կլինի նաև մեկ միասնական տոմսային համակարգ, որը հնարավորություն կընձեռի տոմս ձեռք բերելուց ունենալ հնարավորություն՝ դրանով մինչև ընտրված վերջնակետ երթևեկելու համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել