Իրազեկում՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի վերաբերյալ

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի և «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման համաձայն:

2014 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունը՝ իր տարածքային բաժինների միջոցով:

2014թ. հունվարի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանվել է.

ա. առաջին երեխայի ծնվելու դեպքում՝ հիսուն հազար դրամ,

բ. երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հարյուր հիսուն հազար դրամ,

գ. երրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ,

դ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ,

ե. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն հինգ հարյուր հազար դրամ:

Միաժամանակ մեկից ավելի երեխա ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը յուրաքանչյուր երեխայի համար` նոր ծնված երեխաներից ամենաբարձր կարգաթիվ ունեցող երեխայի համար սահմանված չափով:

Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի՝ պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը`

ա. երրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հինգ հարյուր հազար դրամ,

բ. չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ հինգ հարյուր հազար դրամ,

գ. հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ մեկ միլիոն դրամ.

Երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու համար դիմելու իրավունք ունի երեխայի (ում ծննդյան կապակցությամբ ծագել է ծննդյան միանվագ նպաստի իրավունքը) հետ Հայաստանի Հանրապետությունում բնակության նույն վայրում բնակվող (հաշվառված) ծնողը, որդեգրողը կամ խնամակալը:

Նպաստը նշանակելու համար դիմողն անձամբ իր բնակության (հաշվառման) վայրի տարածքային բաժին է ներկայացնում.

1)  դիմում,

2)  դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, հանրային ծառայությունների համարա­նիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը.

3)  նոր ծնված երեխայի ծննդյան վկայականը, հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը, իսկ կյանքի չորս շաբաթվա ընթացքում մահացած երեխայի դեպքում՝ ծննդյան ակտի գրանցման վերաբերյալ տեղեկանքը և մահվան վկայականը.

4)  Եթե դիմողն օտարերկրյա քաղաքացի է, ապա ներկայացվում է նաև այլ պետությունում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստն ստացած չլինելու վերա­բերյալ փաստաթուղթ:

Ըստ անհրաժեշտության (եթե դիմումը ներկայացվել է ընտանիքում երրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար) ներկայաց­վում են նաև`

1)  երեխաների անձը հաստատող փաստաթղթերը (բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան զորակոչվել է պարտադիր զինվորական ծառայության, սովորում է ռազմաուսումնական հաստատությունում կամ օտարերկրյա պետությունում, պատիժը կրում է ազատազրկման վայրում), իսկ նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո մինչև նպաստի համար դիմելը մահացած երեխաների դեպքում՝ մահվան վկայականը: Եթե երեխան սովորում է օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունում, ապա անձը հաստատող փաստաթղթի փոխարեն ներկայացվում է անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը,

2)  երեխայի՝ ծնողներից կամ դիմողից սերման փաստը հաստատող փաստաթղթեր (երեխայի ծննդյան վկայական, ծնողների անձը հաստատող փաստաթղթեր, ամուսնության վկայական, հայրության ճանաչման վկայական, դատարանի վճիռ և այլ անհրաժեշտ փաստաթղթեր),

3)  զավակի` պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելը հաստատող՝ զինվորական կոմիսարիատի տված տեղեկանքը,

4)  երեխայի` ազատազրկման վայրում գտնվելը հաստատող՝ քրեակատա­րողական հիմնարկի տված տեղեկանքը,

5)  երեխայի` ռազմաուսումնական հաստատությունում սովորելը հաստատող՝ ուսումնական հաստատության տված տեղեկանքը,

6)  երեխայի` օտարերկրյա պետության ուսումնական հաստատությունում սովորելը հաստատող՝ ուսումնական հաստատության տված տեղեկանքը,

7)  բանկի տված տեղեկանքը պետական աջակցության հաշվի բացման վերաբերյալ:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է ծնված յուրաքանչյուր երեխայի համար:

Նպաստ չի նշանակվում, եթե երեխան ծնվել է մահացած:

Մինչև նոր ծնված երեխայի ծննդյան օրը մահացած ընտանիքի մյուս երեխաները նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի չեն առնվում:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է, եթե դիմողը դիմել է նոր ծնված երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 12 ամսվա ընթացքում:

Տարածքային բաժինը մերժում է նպաստ նշանակելը, եթե դիմողը չունի երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք կամ դիմումին կից չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը (տվյալները):

Երեխայից հրաժարվելու, երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատանը) տեղավորելու, երեխայի որդեգրվելու կամ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում երեխայի ծնողը կորցնում է երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը:

Երեխայի ծննդյան միանվագ նպաստը վճարելու ամսվան հաջորդող 12 ամսվա ընթացքում նոր ծնված երեխայի, նոր ծնված երեխայի հերթական կարգաթիվը որոշելու համար հաշվի առնված երեխաներին՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություն (մանկատուն) տեղավորելու կամ այդ երեխաների՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու, այլ անձի կողմից որդեգրվելու դեպքում վճարված նպաստը ենթակա է բռնագանձման դիմողից, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի:

Նպաստը նշանակելու և վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում նպաստի՝ ուղղակի վճարվող գումարն արտացոլվում է հաջորդ ամսվա վճարման ցուցակներում և փոխանցվում վճարող կազմակերպությանը:

Նպաստի ուղղակի վճարվող գումարը վճարվում է կանխիկ կամ անկանխիկ եղանակով՝ դիմողի ընտրությամբ:

Նպաստի ուղղակի վճարվող գումարն անկանխիկ եղանակով վճարելը գումարը դիմողի բանկային հաշվին փոխանցելն է:

Նպաստի ուղղակի վճարվող գումարը կանխիկ եղանակով վճարելը գումարի տրամադրումն է անձամբ դիմողին կամ նրա լիազորած անձին:

Նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրման ենթակա գումարը վճարվում է (փոխանցվում է դիմողի դիմումում նշված բանկի հաշվեհամարին և մուտքագրվում պետական աջակցության հաշվին) նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելուց հետո:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել