Հայաստանում այժմ գործում է պատժիչ արդարադատություն, սակայն ներդվում է նաև պրոբացիայի ինստիտուtը, որը պետք է վերականգնողական, դաստիարկչական արդարադատություն ապահովի:
ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ պրոբացիայի ծառայության շահառուներ կարող են լինել միջին և թեթև ծանրության հանցագործություն կատարած անձիք: Նրանք հնարավորություն կունենան իրենց պատիժը կրել քրեակատարողական հիմնարկից դուրս:
-Պարոն Նավասարդյան, փորձ է արվում ներդնել պրոբացիայի ծառայությունը, սակայն շատերը չգիտեն, թե ի՞նչ է այն։ Ի՞նչ է պրոբացիան։
-Պրոբացիան վերականգնողական արդարադատության ինստիտուտ է։ Մենք ունենք պատժիչ համակարգ, մեր գործող արդարադատությունը, ըստ էության, պատժիչ արդարադատություն է, այսինքն, անձին ուղարկում ենք քրեակատարողական հիմնարկ, որպեսզի ինքը կրի ազատազրկում ու մենք պատժի նպատակներին հասնենք այդ միջոցով։ Սակայն պրոբացիան հնարավորություն է տալիս, որ մենք պատժի նպատակներին հասնենք՝ անձին թողնելով հասարակության մեջ թողնելով։
Պետությունն անձին պատժում է, բայց նրան չի ազատազրկում և պայմանով թողնում է հասարակության մեջ՝ կանես այս և այս պայմանները, որ քեզ չուղարկենք քրեակատարողական հիմնարկ (ՔԿՀ)։ Պետությունն այդ պահին հարմար չի գտնում նրան ազատազրկել, անձին երկրորդ հնարավորություն է տրվում։
Պրոբացիան մի կողմից պատիժ իրականացնող հիմնարկ է, մյուս կողմից՝ դատապարտյալին աջակցող։ Երբ մենք իրականացնում ենք պատիժը, այդ ընթացքում մենք պետք է կարողանանք անձի հետ աշխատել, որպեսզի ինքն ուղղվի։ Սա կնպաստի կրկնահանցագործության նվազմանը։
-Հայաստանում ներկայումս գոյություն չունի պրոբացիայի առանձին ծառայություն: 2005թ–ին ստեղծվեց պատիժների կրման այլընտրանքային բաժին, 2013-ից փորձ արվեց այն վերափոխել պրոբացիոն ծառայության: Սրանից ելնելով՝ հիմա էլ ՔԿՀ-ներում ծառայության որոշ լիազորություններ կատարվում են, որո՞նք են դրանք և ի՞նչ պետք է հիմա ավելանա, որը կլինի սրանց տարբերությունը։
-Երբ 2005-ին գործում էր այլընտրանքային պատիժների բաժինը, մենք իրականացնում էինք ազատազրկման հետ չկապված պատիժները՝ տուգանք, հանրային աշխատանքներ, որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկում, և վերահսկողություն անձանց նկատմամբ։ Այսինքն, նրանց ֆունկցիան այն էր, որ որոշ ժամանակահատված պարբերաբար գալիս և ստորագրում էին, հավաստում, որ այստեղ են, եկել ու ներկայացել են։ Զուտ գալ ստորագրել, հավաստագրելով մենք խնդիր չենք լուծում։ Պետք է կարողանանք ունենալ ծրագրեր, ուղղորդենք այդ անձանց, իրենց խնդիրները հասկանանք, իրենց ռիսկայնությունը որոշել, որ երկրորդ անգամ այդ իրավիճակում չհայտնվեն։
-Ովքե՞ր կարող են համարվել պրոբացիայի ծառայության շահառու և պատժի ի՞նչ տեսակներ են սահմանվում։
-Դատավճռով կարող է նշանակվել տուգանք, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու, գործունեություն իրականացնելու իրավունքից զրկում, կամ հանրային աշխատանքների պատժատեսակներ։ Եվ փորձաշրջաններ են տրվում՝ պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում։ Օրինակ, անձին ինչ-որ հանցագործության համար պետք է տալ 3 տարի ազատազրկում, բայց չեն ազատազրկում ու գնում է պրոբացիայի ենթակայության տակ կամ եթե հղի են, ունեն մինչև 3 տարեկան երեխա կամ պատիժը հիվանդության պատճառով հետաձգվում է, այս խմբերը ևս հայտնվում են պրոբացիայի ծառայությունում։
-Իսկ ովքե՞ր են պրոբացիոն ծառայության աշխատակիցները։
-Պրոբացիայի ծառայության աշխատակիցները քաղաքացիական ծառայողներ են։ Նրանք նախկինում աշխատել են այլընտրանքային պատիժների բաժնում։ ՔԿՀ անձնակազմի որոշակի հատվածը տեղափոխվեց և քաղաքացիական ծառայողներ դարձան։ Կարելի է ասել ապառազմականացվեց այդ կառույցը։ Իրենք հանեցին իրենց համազգեստներն ու դարձան քաղծառայողներ։ Հաստիքները կան, հայտարարվում են մրցույթներ ու ով համապատասխանում է՝ մասնակցում է մրցույթին ու ընտրվում, անցնում աշխատանքի։ Կազմը կարող են համալրել՝ հոգեբան, սոցիալական աշխատող, իրավաբան։
-Աշխատակիցներից շատերը քրեակատարողական հիմնարկներում են աշխատել։ Կարծիքներ են հնչում, որ միգուցե ճիշտ չէ՞ ՔԿՀ նախկին աշխատակիցներին ընդգրկել ծառայության կարգում, բայց չէ՞ որ պրոբացիայի շահառուներն այս կամ այն հանցանքն են կատարել։
-Այս խնդիրն ամենակարևոր հարցերից մեկն է, որ հասարակությունը պետք է հասկանա, որ պրոբացիայի ծառայությունը զուտ աշխատանքի տեղավորման կամ աջակցության կենտրոն չէ։ Ո՛չ։ Անձը կատարել է հանցագործություն և մենք մի կողմից պատիժ կատարող հիմնարկ ենք, այդ համաչափ խստությունը, ըստ էության, դատապարտյալի հետ աշխատանքում պետք է լինի, իսկ մյուս կողմից այդ աջակցության ֆունկցիան պետք է համաչափ իրականացվի։ Պետք է գտնենք ոսկե միջինը, որ իրենց մոտ տպավորություն չստեխղվի, որ իրենք շատ ազատ են, բայց չլինի նաև այնպես, որ մենք շատ խիստ ենք իրենց նկատմամբ։ Մեր աշխատանքի հիմնական նպատակն է հասնել դրան։
-Ինստիտուտի կայացման համար լրացուցիչ ի՞նչ միջոցներ են հարկավոր։
-Մենք ունենք և՛ տեխնիկական խնդիրներ, և՛ կադրային խնդիրներ, մարզային ստորաբաժանումների տեղակայման խնդիրներ, որոնք, ըստ էության, կառավարությունը քայլ առ քայլ փորձում է լուծել։ Մյուս տարվա բյուջեով նախատեսվում է հաստիքների ավելացում, տեխնիկական վերազինման որոշակի խնդիրների լուծում։
-Խոսեցինք տեխնիկական հագեցվածությունից։ Դավիթ Հարությունյանը կառավարության նիստի ընթացքում ներկայացրել էր, որ պրոբացիայի շահառուների համար կնախատեսվեն էլեկտրոնային հսկողության սարքեր, որոնք, կախված դրանց տեսակից կարժենան օրական 1400 կամ 2000 դրամ։ Դրանց համար նախատեսված գումարները պետք է կամ գանձվեն շահառուի կողմից, կամ հոգա պետությունը: Ինչպե՞ս է որոշվելու, շահառուն պետք է կրի այդ սարքավորումը, թե՞ ոչ։
-Էլեկտրոնային հսկողությունը 2018 թ-ին մենք ամբողջությամբ՝ փուլ առ փուլ կներդնենք։ Կառավարությունը ընդունել է որոշում էլեկտրոնային հսկողության ներդրման և դրա ֆինանսավորման կարգը, որի մեջ տալիս է այն ընթացակարգը, թե ինչպե՞ս է հսկողությունն իրականացվելու։ Դրա համար նախ պետք է ստեղծվի էլեկտրոնային հսկողության բաժին, որոշակի հաստիքներ են նախատեսվում այս մասով։ Հետո ձեռք բերել սարքավորումներ, մենք ունենք սարքավորումներ, որոնք փորձարկման փուլում են, սակայն անհրաժեշտություն կլինի նորերը ձեռք բերել։ Իսկ ֆինանսավորման հետ կապված, եթե դատապարտյալը ցանկություն կունենա նման ձևով հսկողություն իրականացվի , կվճարի ինքը, բայց նաև հաշվի են առնվելու նրա ֆինանսական հնարավորությունները։
-Հանրային աշխատանքը պրոբացիայի ծառայության մեջ որպես պատժի տեսակ ենք դիտարկում։ Ինչպե՞ս է որոշվելու, թե որտեղ պետք է նա աշխատի:
-Պրոբացիան, ընդհանրապես, իրականացվում է ըստ դատապարտյալի բնակության վայրի: Որ տարածքում նա բնակվելիս լինի, հենց այդ տարածքում էլ կազմակերպվում է նրա հանրային աշխատանքը, որը կարող է լինել, օրինակ, աշխատանք հասարակական այգիներից մեկում, մասնակցի բարեկարգմանը և այլն, կամ ծերանոցում, մանկատանը:
Այդ աշխատանքը չվարձատրվող է:
Նշենք, որ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում ս.թ. դեկտեմբերի 3-ին պրոբացիայի ոլորտում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) ստորագրեցին համագործակցության հռչակագիր՝ այդպիսով հիմնադրելով «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը: Ցանցի նպատակն է խթանել Հայաստանում պրոբացիայի ինստիտուտի զարգացումը՝ օգտագործելով ՔՀԿ-ների ներուժը:
Ալիսա Չիլինգարյան
Լուսանկարները՝ Ալեքսանդր Սարգսյանի
Իրավաբան.net