Հիմնադրվեց «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը

Դեկտեմբերի 3-ին պրոբացիայի ոլորտում գործունեություն ծավալող քաղաքացիական հասարակության կազմակերպությունները (ՔՀԿ) ստորագրեցին համագործակցության հռչակագիր՝ այդպիսով հիմնադրելով «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը: Ցանցի նպատակն է խթանել Հայաստանում պրոբացիայի ինստիտուտի զարգացումը՝ օգտագործելով ՔՀԿ-ների ներուժը:

 «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ստեղծվեց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի նախաձեռնությամբ՝ ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության և «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում:

«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցին արդեն իսկ միացել է պրոբացիայի ինստիտուտի զարգացմանն ուղղված գործունեություն ծավալող  11 հասարակական կազմակերպություն։

Նշենք, որ ցանցի ստեղծման նպատակով «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ը «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցությամբ կազմակերպվել էր «Պրոբացիայի պետական ծառայության և հասարակական կազմակերպությունների համագործակցության հեռանկարները» խորագրով երկօրյա աշխատաժողով։

Աշխատաժողովին ներկա Պրոբացիայի պետական ծառայության պետ Արսեն Նավասարդյանը նշեց, որ քաղհասարակության կազմակերպությունների դերը պրոբացիայի ինստիտուտի կայացման հարցում մեծ է: «Չպետք է միայն պատժող կառույց լինել, պետք է անձին ինտեգրենք հասարակությունում»,- հավելեց Արսեն Նավասարդյանը:

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ի տնօրեն Արտակ Կիրակոսյանը կարևորեց պրոբացիայի շահառուերի համար վերականգնողական ծրագրերում ՔՀԿ-ների ներգրավումը:

«Պրոբացիայի շահառուների համար մեր կողմից կազմակերպված մասնագիտական վերապատրաստման դասընթացները ցույց տվեցին, որ պրոբացիայի շահառուներին օգնում է ոչ միայն նոր մասնագիտություն ձեռք բերելը, այլև այն միջավայրը, որում նրանք հայտնվում են, շփվում այլ անձանց հետ»,- նշեց Արտակ Կիրակոսյանը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը նշեց, որ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադրման համար ցանցի հիմնադիրներին տրամադրվել է անվճար փորձագիտական, այդ թվում նաև իրավաբանական խորհրդատվություն Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսոթյան հաձնառություն» ծրագրի շրջանակում:

Կարեն Զադոյանը, կարևորելով ՔՀԿ-ների ցանցերի ստեղծումն ու դրանց գործունեությունը, օրինակ բերեց Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան, որի գործունեության շնորհիվ հնարավոր դարձավ Հայաստանում քրեականացնել ապօրինի հարստացումը, ներդնել ազդարարների պաշտպանության համակարգը, ունենալ անկախ հակակոռուպցիոն մարմին և այլն:

«Մենք աշխատում էինք այդ ծրագրերի իրականացման ուղղությամբ 6-7 տարի է, բայց առարկայական արդյունքի չէինք հասնում: Հասկացանք, որ այդ խնդիրները պետք է միասնական ձևով բարձրաձայնենք: Եվ միայն այդ դեպքում շոշափելի արդյունքներ ունեցանք»,-ասաց Կարեն Զադոյանը:

Նշենք, որ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի հիմնադրման հռչակագրին կարող են միանալ այն բոլոր ՔՀԿ-ները, որոնք շահագրգռված են պրոբացիայի ինստիտուտի զարգացմամբ:

«Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագիրն իրականացվում է ԵՄ ֆինանսավորմամբ՝ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի կողմից գործընկերներ «Ագորա Սենթրլ Յուրոփ» ՀԿ-ի (Չեխիա), «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ-ի, «ՓՄՁ համագործակցության ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի համայնքների միություն» իրավաբանական անձանց միության հետ համագործակցությամբ:

Ծրագրի նպատակն է մեծացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) և դրանց կոալիցիաների/ցանցերի ազդեցությունը հանրային քաղաքականության մշակման գործընթացի վրա։  Սա հնարավորություն կտա կազմակերպություններին (ովքեր արդեն իսկ աշխատում են թիրախային կոալիցիաներում) ձեռք բերել նոր ռեսուրսներ, քաղհասարակության փորձագետներին  միավորել և խրախուսել իրենց մասնակցությունը տեղական և ազգային քաղաքականությունների օրակարգի ձևավորմանը, հատկորոշել ընդհանուր խնդիրներն ու առաջնահերթությունները և դիմել կառավարությանը՝  կառուցողական և ռազմավարական քաղաքականության վերաբերյալ նախաձեռնություններով։

Ծրագրի շրջանակներում ենթադրամաշնորհներ կտրամադրվեն ՔՀԿ-ներին և ՔՀԿ-ների կոալիցիաներին, որոնք կուղղվեն հանրային քաղաքականությունների զարգացմանն ու կունենան շոշափելի արդյունքներ 9 թիրախային ոլորտում, որոնցից են արդարադատությունը, կրթությունը և բիզնեսը:

Իրավաբանների հայկական ասոցիացիան (ԻՀԱ) ստեղծվել է 1995թ.-ին: ԻՀԱ-ի առաքելությունն է նպաստել Հայաստանում իրավունքի գերակայության, ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության կայացմանը, որտեղ բնակչությունն իրազեկ է, իսկ նրա իրավունքները՝ պաշտպանված: Մինչև 2016 թ. փետրվար ամիսը ԻՀԱ-ի անվանումն էր Հայասատանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել