Նորություններ

Ավազակային հարձակում Հրազդանում. ձերբակալվել է երկու երիտասարդ

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են  Հրազդանում  քաղաքացու նկատմամբ կատարված  ավազակային հարձակման հանգամանքները. երկու անձ ձերբակալվել է:

Նախնական տվյալներով՝ 2017թ. նոյեմբերի 28-ին ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք Հրազդան քաղաքի բնակելի շենքերից մեկի մուտքում հարձակվել են նույն շենքի բնակիչներից մեկի վրա, ով զբաղվում է ավտոպահեստամասերի վաճառքով։ Մասնավորապես՝ մեկը թիկունքից փայտե մահակով հարվածել է բնակչի պարանոցի և ուսագոտու հատվածին, իսկ մյուսը՝ էլեկտրահաղորդիչ սարքով էլեկտրահարել նրան՝ ցանկանալով հափշտակել նրա մոտ առկա գումարը: Սակայն, չկարողանալով վայր գցել տղամարդուն և հափշտակել վերջինիս մոտ գտնվող գումարը, դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյունքում՝ պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, բավարար փաստական տվյալներ ձեռք բերել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնության վերաբերյալ, ովքեր հանդիսանում են Հրազդան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1999թ.: Վերջիններս ձերբակալվել են:

Տղամարդը ճանաչվել է տուժող, կատարվել է առերես հարցաքննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն: Հայտնաբերվել են հանցագործության գործիքներ հանդիսացած փայտե մահակը և էլեկտրահաղորդիչ սարքը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել