Վերնիսաժի գործով մեղադրյալ Ռաֆիկ Խաչատրյանը առողջական խնդիրներ ունի: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց նրա պաշտպան Մարինե Ֆարմանյանը:
Նրա խոսքով՝ մեղադրյալը դիմել է «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկին, սակայն նրան հրաժարվել են հետազոտել:
«Ես պաշտոնական գրություն եմ ուղարկել ՔԿՀ պետին` Ռաֆիկին անհապաղ բժշկական օգնություն տրամադրելու համար, բայց մինչև երեկ ոչ մի բան չէին արել: Ռաֆիկ Խաքչատրյանը լյարդի ցավեր ունի, գլխի ու ականջների սուր խշշոց, տեսողության անկում և գլխապտույտ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Վերնիսաժում հնչած կրակոցների հետևանքով սպանվել էր մեկ անձ, ևս մեկը՝ Ալավերդիում հայտնի քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանը, վիրավորվել: Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու կամ ավելի անձանց սպանության փորձ և 235-րդ հոդվածի առաջին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը: Նշենք նաև, որ ըստ օրենքի, կալանավորման որոշումն ենթակա է բողոքարկման հրապարակումից 5 օրյա ժամկետում :