Աղմուկ գիշերային ժամերին. Երևանի ավագանու անդամը՝ խնդրի մասին

Բնակելի տների մոտակայքում գտնվող ժամանցային վայրերից եկող աղմուկի վերաբերյալ բողոքները բազմաթիվ են: Քաղաքապետարանը սակայն շատ քիչ լիազորություններ ունի աղմուկի կարգավորման դաշտում: Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Անի Սամսոնյանը:

«Ես դիմեցի քաղաքապետարանին, որպեսզի հասկանամ, թե քաղաքապետարանը որքանով է կարողանում կարգավորել այս խնդիրը: Ինձ ասացին, որ այդ օբյեկտների սեփականատերերի նկատմամբ կազմել են վարչական արձանագրություններ: Ես պահանջեցի այդ վարչական իրավախախտումների մասին արձանագրությունները և ինձ ուղարկեցին ընդամենը երեք արձանագրություն: Այդ արձանագրություններում տուգանքը վերաբերում էր 24-րդ հոդվածին, այլ ժամը 00:00-ից հետո առանց թույլտվության գործունեություն իրականացնելուն»,-ասաց նա:

Ավագանու անդամի խոսքով՝ բնակիչները բողոքում էին այդ ժամանցային օբյեկտներում հայտնվող հաճախորդներից, որոնք ոչ բարոյական վարք ունեցող անձիք էին. «Խանջյան փողոցի բնակիչները նշում են, որ այնտեղ հաճախ են լինում մարմնավաճառներ և թմրամոլներ: Դալանների մոտից գտնում են ներարկիչներ, հաճախ այդպիսի վայրերում լինում են ծեծկռտուքներ և վիճաբանություններ»:

Անի Սամսոնյանը նշում է, որ քաղաքապետարանը անընդհատ դիմում է առողջապահության նախարարության հատուկ տեսչությանը՝  աղմուկի մակարդակը չափելու համար, սակայն ավագանու անդամի խոսքով խնդիրը այն է, որ տեսչությունից զանգում են տնտեսվարող օբյեկտին և ասում, որ ուզում ենք գալ ու չափել, թե որքան բարձր է տվյալ հաստատությունում աղմուկը:

«Ինչպես բոլոր ոլորտներում, այս ոլորտում նույնպես մենք բախվում ենք համատարած անպատժելիությանը: Այսինքն՝ օրենքը խախտած անձիք, ովքեր չեն պատժվում»,-նշեց նա:

Հիշեցնենք, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի համաձայն գիշերային ժամերին, այսինքն 23:00-ից մինչև առավոտյան 07:00 լռությունը խախատելը, օրինակ՝ բարձրաձայն երգելը կամ երաժշտական գործիքներ նվագելը, ազդանշաններ տալը, բարձր միացված հեռուստացույցից, ռադիոընդունիչից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքների բնակարաններում, հասարակական վայրերում կամ մուտքերի մոտ առաջացնում են նախազգուշացում:

Նշված արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված աշխատավարձի քառասնապատիկի չափով:

Գիշերային ժամերին հրագործական արտադրատեսակներ օգտագործելը առաջացնում է տուգանքի նշանակում սահմանաված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, այսինքն, 100 հազար դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում տուգանքը կրկնապատկվում է:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել