Բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն հյուրատները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները. քաղաքապետ

Աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատակազմի առևտրի և սպասարկումների, ինչպես նաև իրավաբանական վարչություններին հանձնարարել է քննարկել զվարճանքի օբյեկտների գործունեության կանոնակարգմանն առընչվող օրենքի նախագիծը և համագործակցելով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ` ներկայացնել համապատասխան առաջարկներ ու ակտիվորեն մասնակցել օրենքի նախագծի մշակման աշխատանքներին:  Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Միանշանակ է, որ բազմաբնակարան շենքերի տարածքներից պետք է դուրս բերվեն բոլոր հյուրատները, դիսկոտեկները, գիշերային ակումբներն ու զվարճանքի այլ օբյեկտները, որոնք անհանգստություն են պատճառում մեր համաքաղաքացիներին: Սա մեր հստակ դիրքորոշումն է և բոլոր աշխատանքներն ավարտելուց հետո այն կներկայացվի ԱԺ քննարկմանը: Տվյալ օբյեկտների տերերին կամ վարձակալներին, անշուշտ, կտանք նաև ողջամիտ ժամանակ, որ իրենց օբյեկտները բազմաբնակարան շենքերի տարածքներից տեղափոխեն այլ վայրեր», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել