Նորություններ

«Կարմիր մահիկի» ընկերակցությունը հանդես է եկել Հայաստանում բուժարան բացելու առաջարկությամբ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Կարմիր մահիկի» ընկերակցության նախագահ Սեյեդ Ամիր Մոհսեն Զիայի գլխավորած պատվիրակությանը և ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին:

Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում նախարարին ներկայացվել է, որ արդեն 95 տարի գործող «Կարմիր մահիկն» ունի 2 մլն կամավոր և 9 հազար հաստիքային աշխատող։ Աշխարհի շատ երկրներում ներկայացված ընկերակցությունը, բացի աղետների ռիսկի նվազեցմանը և արտակարգ պատահարներին ու աղետներին արձագանքմանը, նաև տարբեր երկրներում գործող կլինիկաներ, բուժարաններ ու հեմոդիալիզի կենտրոններ ունի։

«Անհրաժեշտ սարքավորումներով ու դեղորայքով ապահովված մեր բուժարաններն անվճար սպասարկում են սոցիալապես անապահով բնակչությանը»,-նշել է Սեյեդ Ամիր Մոհսեն Զիաին` հավելելով, որ պատրաստ են նման ծրագիր սկսելու և զարգացնելու նաև Հայաստանում։

Բարձր գնահատելով ինչպես «Կարմիր մահիկի» ընկերակցության բարեսիրական գործունեությունը, այնպես էլ Իրանում առողջապահության ոլորտի առաջընթացը` Լևոն Ալթունյանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հարևան երկրի հետ առողջապահության ոլորտում համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև դեղերի արտադրության, բժշկական պարագաների ու դեղերի ներկրման և արտահանման ոլորտում համագործակցության հնարավորությունները։

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին ևս առողջապահության ոլորտում երկու երկրի միջև արդեն իսկ զարգացող փոխգործակցության ընդլայնմանը նպաստելու իր ցանկությունն է հայտնել։

Ամփոփելով հանդիպումը` ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը նշել է, որ կքննարկվեն Հայաստանում բուժարան բացելու իրանցի գործընկերների կողմից ներկայացված ընդունելի առաջարկի մանրամասներն ու կազմակերպական հարցերը։

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել