Նորություններ

Հայտնի են բուհերի վարկանիշավորման արդյունքները

Կրթության և գիտության նախարարությունից հայտնում են, որ Աղվերանում տեղի է ունեցել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016 թվականի վարկանիշավորան արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողով: Վարկանիշավորման հետազոտությունն իրականացրել է ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը: Քննարկմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարարության, բուհերի Որակի կենտրոնների, ՀՀ կառավարության ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կրթության թիմի ներկայացուցիչներ:

Բուհերի վարկանիշավորման մեթոդաբանությունը ներառում է 68 ցուցանիշներ, որոնցից յուրաքանչյուրին տրվում է որոշակի տեսակարար կշիռ, որն էլ ամբողջացնում է ընդհանուր պատկերը:

ՀՀ բուհերի ազգային վարկանիշավորման շրջանակներում իրականացված սոցիոլոգիական հետազոտությանը մասնակցել է 62 բուհ, որից 50%-ը կազմել են պետական բուհերը, 43.5%-ը՝ ոչ պետական և 6.5%-ը՝ ՀՀ-ում գործող պետական մասնակցությամբ բուհերը: Մարզային բուհերը կազմել են ամբողջի 38.7%-ը, իսկ մասնաճյուղերը՝ 22.5%-ը:Հետազոտությանը մասնակցել է 1026 ուսանող: Ուսանողների 27%-ը եղել են արական սեռի, իսկ 73%-ը՝ իգական: Ուսանողների նվազագույն տարիքը կազմել է 18, իսկ առավելագույնը՝ 43: Հարցված ուսանողների 14.4%-ը բնակվում է գյուղական համայնքներում, իսկ 85.6%-ը՝ քաղաքային: Մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողների 86.6%-ը կրթությունը շարունակում են նույն բուհում, իսկ՝ 13.4%-ը՝ նախընտրում են այլ բուհեր: Ուսանողների կողմից թվարկած՝ այլ բուհ տեղափոխման պատճառներից առավել մեծ կշիռ են ստացել՝ «որակյալ կթությունը»՝ 27.7%, «անձնական նախասիրությունը»՝ 25.5% և «բուհի հեղինակությունը»՝ 10.6%: Այլ պատճառների թվում են նաև «ուսման ցածր վարձը», «տվյալ մասնագիտությամբ այլընտրանքային բուհի բացակայությունը», «արտերկրում ուսումը սովորելու հեռանկարը», ինչպես նաև «մասնագիտության ընտրության» պատճառը: Համեմատաբար փոքր կշիռներ են ստացել «ծնողների և հարազատների խորհուրդ» և «բուհի կարգավիճակ» պատճառները: Մեծ կշիռ ունեցող մասնագիտություններից առաջինը  տնտեսագիտական մասնագիտություններն են, ապա՝ առողջապահական, հասարակագիտական, այնուհետև՝ ինֆորմատիկա և ՏՏ:

Ուսանողների կողմից առավել ցածր գնահատականներ են ստացել «Բուհի տարածքում ինտերնետի հասանելիության»` 10%, «Կարիերայի կենտրոնի աշխատանքներ»՝ 9%, և «Միջազգային մասնագիտական ամսագրերի և գիտական այլ ժողովածուների հասանելիություն»՝ 9% չափանիշները:  Բավարարվածության առավել բարձր գնահատական տրվել է «Մասնագիտական գիտելիքներ» և «Դասախոսների մասնագիտական պատրաստվածություն» չափանիշներին: Այս չափանիշներն առավելագույն բալով գնահատել են ուսանողների 61%-ը: «Կոռուպցիոն ռիսկեր» չափանիշը առավելագույն միավորով գնահատել են ուսանողների 60%-ը, իսկ բավարարվածության նվազագույն գնահատականով՝ ուսանողների 5%-ը: Ուսանողների բավարարվածությունը կրթական միջավայրից գնահատվել է հիմնականում բարձր։ Նրանց կողմից գնահատված բոլոր չափանիշներից առավել բարձր միջին գնահատական ստացել է «Մասնագիտական գիտելիքներ» չափանիշը:

Ուսանողների կողմից առաջարկվել են նաև մեխանիզմներ, որոնք կարող են նպաստել բարձրագույն կրթության որակի բարելավմանը: Ըստ այդմ ուսանողներն առանձնահատուկ կարևորություն են տվել երկու միջոցի. պրակտիկաների ավելացումը և անձնակազմի՝ որակավորված դասախոսներով համալրումը:

Ամփոփելով աշխատաժողովի աշխատանքները՝ մասնակիցները բարձրացրել են մի շարք հարցեր և  առաջարկներ՝ վարկանիշավորման համակարգի արդյունավետության բարելավման, տվյալների հավաքագրման և այլ հարցերի հետ կապված:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել