Ի՞նչ գույք և դրամական միջոցներ ունի պատգամավոր Արտակ Սարգսյանը

«Սաս»-ի Արտակը, նույն ինքը պատգամավոր Արտակ Սարգսյանն ունի երկու բնակարան, ոչ բնակելի մեկ տարածք, ինչպես նաև երկու ավտոմեքենա՝ TOYOTA LAND CRUISER PRADO 2.7 I (2008թ) և MERCEDES-BENZ S550 (2010թ․) մոդելների։

Նոր հայտարարագրում, որը պարոն Սարգսյանը ներկայացրել է հունիսի 12-ին, նա 4 կետով բաժնեմաս ու բաժնետոմսեր է լրացրել։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին այս տարվա սկզբին ներկայացրած հայտարարագրից էլ տեղեկանում ենք, որ նա 50 տոկոս բաժնեմաս ունի «ՍԱՍ գրուպ» ՍՊԸ-ում, նույնքան բաժնետոմս «ՍԱՍ հոլդինգ», «Միրնա» ԲԲԸ-ներում և մեկ այլ ընկերությունում։

Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները, ըստ ԲՊԱ էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրից, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 961 մլն 867 հազար  դրամ և 99,8 հազար դոլար, մինչդեռ փետրվարին նա ունեցել է 995 մլն դրամ և 119 հազար դոլար։

Գործարար պատգամավորի եկամուտների չնչին տոկոսն է գոյացել ԱԺ պատգամավորի աշխատավարձից՝ 245 հազար դրամը, փոխարենը, նա փոխառություններից ստացել է ավելի քան 3 հազար դոլար, 20 հազար եվրո, 2,8 մլն դրամ։

Օրենսդիր ոլորտում իր գործունեության ընթացքում Արտակ Սարգսյանն առաջին հայտարարագիրը ներկայացրել է 2012թ․-ին, այդ ժամանակ նա գրանցել էր 5 միավոր ավտոմեքենա, սակայն դրամական միջոցները համեմատաբար նվազ են եղել՝ 637 մլն դրամ ու 21,9 հազար դորալ։

Պատգամավորի կինն ունի 1,9 մլն դրամ ու 388 հազար դոլար։

Արտակ Սարգսյանը ծնվել է 1973թ. հուլիսի 13-ին Երևանում, 2001թ. ավարտել է Հայաստանի պետական գյուղատնտեսական ակադեմիան` ագրարային արտադրության տնտեսագիտություն և կառավարում մասնագիտությամբ: 1997թ. հիմնադրել է «ՍԱՍ գրուպ» հոլդինգը: 1997-2012թթ. եղել է հոլդինգի նախագահ: 2011-2012թթ.՝ «Արտակ Սարգսյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, 2004-2007թթ.` ԱԺ պատգամավոր (թիվ 44 ընտրատարածք): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: 20.09.2004-22.05.2006թթ.` «Օրինաց երկիր» խմբակցության, 25.05.2006-12.05.2007թթ.` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ, 2006 թվականից ՀՀԿ անդամ է։ 2012-2017թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 4 ընտրատարածք): ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության անդամ, 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ թիվ 2 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով։ Պարգևատրվել է «Հայրենիքին  մատուցած ծառայությունների համար» աստիճանի մեդալով (2008թ.): Ամուսնացած է, ունի չորս զավակ:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել