Կլուծարվեն ԿԳՆ տեսչությունները

Այսօրվա կառավարության նիստի օրակարգային հարցերից է կրթության և գիտության նախարարության երկու տեսչությունների լուծարման հարցը:

Կառավարության որոշման նախագիծը հիմնավորվում է այսպես. «Ներկայացված ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ` նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեսչական մարմինների մասին» ՀայաստանիՀանրապետության2014 թվականի դեկտեմբերին 17-ի (ՀՕ-254-Ն) օրենքի 19-րդ հոդվածով սահմանված դրույթների կատարումն ապահովելու նպատակով»:

Կառավարությունը ստանձնել է երկրում տեսչական բարեփոխումների իրականացումը, որի նպատակն է առավել արդյունավետ տեսչական համակարգի հիմնումը և դրանով իսկ գործարար միջավայրի համար բարենպաստ պայմանների ստեղծումը: Այդ նպատակով և տեսչությունների գործունեության հետ կապված կարգավորումները միասնականացնելու համար 2014 թվականի դեկտեմբերի 17-ին ընդունվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը, որի 19-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվել է, որ տեսչական մարմինները ստեղծվում են նշված օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք տարվա ընթացքում: Նշված հոդվածի պահանջը կատարելու համար անհրաժեշտություն է առաջացել լուծարել ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչությունը և լեզվի պետական տեսչությունը: Նախատեսվում է օրենքին համապատասխան ստեղծել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին), որն իրականացնելու է հիմնականում կրթության պետական տեսչության կողմից ներկայումս իրականացվող գործառույթները:

Լեզվի պետական տեսչության գործառույթները չեն հանդիսանում տեսչական մարմնի գործառույթներ, ուստի նպատակահարմար չէ այն փոխանցել նոր ստեղծվող տեսչական մարմնին կամ ստեղծել նոր տեսչական մարմին: Մասնավորապես ՀՀ որևէ օրենքով չի նախատեսում լեզվական վերահսկողություն՝ չնայած ՀՀ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում նախատեսված է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի պահանջների չպահպանման համար նախատեսված վարչական պատասխանատվություն: Տեսչական բարեփոխումների համակարգման խորհրդում, ինչպես նաև ոլորտի տարբեր մասնագետների հետ տեղի ունեցած մի շարք քննարկումներում մասնագետների կողմից դիտարկվում է լեզվական հարցերի համակարգման համար կազմակերպաիրավական այլ ձև ունեցող մարմնի ստեղծման հնարավորությունը:

Վերոնշյալ նախագիծը հնարավորություն կստեղծի իրականացնել անհրաժեշտ պետական վերահսկողություն կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների, կրթության որակի բարձրացման և կրթական ծրագրերի յուրացման ապահովման նկատմամբ»:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել