Հայաստանում պետք է ստեղծվի իրապես անկախ հակակոռուպցիոն մարմին. Կարեն Զադոյան

Հայաստանում պետք է ստեղծվի իրապես անկախ հակակոռուպցիոն մարմին՝ ոչ միայն վերնագրով, անվանումով անկախ, այլ լինի այնպիսի մարմին, որը կվայելի հանրային լայն աջակցություն: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Իրավաբանների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Զադոյանը: «Գտնում եմ, որ պատասխանատվության պետք է ենթարկվեն խոշոր պաշտոնատար անձիք և հանրությունը տեսնի, որ իրականում բարձրագույն իշխանությունների մոտ կա կոռուպցիայի դեմ պայքարելու կամքը: Շատ փոքր և միջին պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելը դեռևս չի նշանակում, որ կա լուրջ քաղաքական կամք»,- նշեց Զադոյանը:

– Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Հայաստանին կոչ է անում ստեղծել անկախ հակակոռուպցիոն մարմին: Որքանո՞վ է հնարավոր Հայաստանում այդպիսի կառույց ստեղծել և այն ինչպես կգործի:

– Մոտ երկու տարուց ավել է ինչ մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի ստեղծվի անկախ հակակոռուպցիոն մարմին: Հայաստանի կառավարությանը մենք հորդորում ենք, որպեսզի այն ստեղծվի: 2016 թ. հունվարի 22-ին արդարադատության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խումբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և նախարարության ներկայացուցիչների, որը պետք է մշակեր, ուսումնաիրություններ աներ անկախ հակակոռուպցիոն մարմնի փորձի վերաբերյալ և արդյոք հնարավոր է Հայաստանում այդպիսի մարմին ստեղծել: Տարբեր երկրների փորձն ուսումնասիրվեց և կառավարությանը՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում երկու մոդելներ եմ ներկայացրել: Առաջինը ունիվերսալ մոդելն է, որը ներառում է հակակոռուպցիոն կրթություն, հակակոռուպցիոն կանխարգելում և նախաքննության իրականացում այդ մարմնում: Երկրորդը կանխարգելիչ մոդելն է, որը ներառում էր կրթական և կանխարգելիչ ֆունկցիաները, և նախատեսում էր, որ հանցագործությունների նախաքննությունը կիրականացվի այլ մարմնի՝ Հատուկ քննչական ծառայության կողմից: Այս առաջարկները հակակոռուպցիոն խորհրդի կողմից ընդունվեցին: Հետագայում ստեղծվեց աշխատանքային խումբ, որի մեջ արդեն ընդգրկված չէին ՔՀԿ-ները, և այդ խումբը երբ որ անկախ հակակոռուպցիոն մարմնի նախագիծը պատրաստեց, ավելի շատ կանխարգելիչ մոդելն է հիմք ընդունվել: Այս նախագիծը հիմա էլ կա, և այս առումով, ԵՄ դեսպան Սվիտալսկիի առաջարկը շատ տեղին և կարևոր եմ համարում: Գտնում եմ, որ Հայաստանում պետք է ստեղծվի իրապես անկախ հակակոռուպցիոն մարմին՝ ոչ միայն վերնագրով, անվանումով լինի, այլ լինի այնպիսի մարմին, որը կվայելի հանրային լայն աջակցություն:

– Երբևէ հնարավո՞ր է, որ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյային կոռուպցիայի համար մեղադրանք առաջադրվի և նա պատասխանատվության ենթարկվի:

-Ինչպես ՀՀ Նախագահը մի քանի տարի առաջ կառավարությունում ելույթ ունեցավ և ասաց. «խոշոր ձկներին պետք է գլխից բռնել», ինձ թվում է դա պետք է իրականացվի: Մենք վերջերս նաև շատ կարևոր մեխանիզմ ենք առաջարկել, մասնակցել ենք դրա մշակմանը և այն ընդունվել է: Խոսքը ապօրինի հարստացման քրեականացման վերաբերյալ օրենքի մասին է, որը կարծում եմ՝ շատ ուժեղ մեխանիզմ է: Այն հուլիսի 1-ից է կիրառվելու, և դրանով պատասխանատվության ենթարկվեն այն խոշոր պաշտոնատար անձիք, որոնք կոռուպցիոն հանցագործություններ կիրականացնեն: Գտնում եմ, որ դա պետք է լինի և հանրությունը տեսնի, որ իրականում բարձրագույն իշխանությունների մոտ կա կոռուպցիայի դեմ պայքարելու կամքը: Շատ փոքր և միջին պաշտոնյաների պատասխանտվության ենթարկելը դեռևս չի նշանակում, որ կա լուրջ քաղաքական կամք:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել