Ֆինանսերի նախարարն ԱՄՆ-ում հանդիպումներ է ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը Վաշինգտոնում մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումներին, որոնք ներառում են ինչպես երկկողմ հանդիպումներ, այնպես էլ առանցքային թեմաների շուրջ ընդլայնված ձևաչափով քննարկումներ:

Ապրիլի 21-ին նախարար Արամյանը հանդիպում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի պաշտոնատար անձանց հետ, որի ընթացքում քննարկվել են ՀՀ մակրոտնտեսական իրավիճակն ու ՀՀ-ԱՄՀ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Ապրիլի 22-ին տեղի է ունեցել հանդիպումը Համաշխարհային բանկի նախագահի տեղակալ Սիրիլ Մյուլլերի հետ։ Կողմերը քննարկել են ՀՀ և ՀԲ համագործակցությանը վերաբերող հարցեր, ծրագրերի առաջնահերթությունները, ՀՀ տնտեսական իրավիճակը, բյուջետային աջակցության և համագործակցության առավել կարևոր ուղղությունները։

Նախարարը մասնակցել է նաև «Bank of America Merrill Lynch»-ի կողմից կազմակերպվող սիմպոզիումին` ներկայացնելով ներդրողներին ՀՀ տնտեսության գրավչությունն ու զարգացման հեռանկարները։
Ապրիլի 23-ին Վաշինգտոնում Վարդան Արամյանը հարցազրույց է տվել Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը և «Voice of America» լրատվականին, ինչպես նաև հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի տնօրենի տեղակալ Դիմիտրիս Ցիցիրագոսի հետ և քննարկել ՄՖԿ ներդրումային պորտֆելը Հայաստանում՝ կարևորելով պետություն-մասնավոր հատված համագործակցությունը։

Հանդիպումների շարքը եզրափակվել է «Standard & Poor’s» և «Moody’s» վարկանիշային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ հանդիպմամբ։ Նախարար Արամյանի կողմից ներկայացվել են արդի հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականության վերջին զարգացումներն ու ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները և սպասվելիք արդյունքները։ Հանդիպման նպատակն էր շարունակել կառուցողական և թափանցիկ աշխատանքը վարկանիշային գործակալությունների հետ։

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել