Ի՞նչ դրամական միջոցներ ու գույք ունի «Ծառուկյան» դաշինքի թեկնածու Արգամ Աբրահամյանը

«Ծառուկյան» դաշինքով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող Արգամ Աբրահամյանը, ով նաև Արտաշատի քաղաքապետն է և նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, ծնվել է 1986 թվականին։

Բավականին երիտասարդ տարիքում գործարար համայնքապետը հասցրել է կուտակել 300 մլն դրամ և 250 հազար դոլար։

Նրա եկամուտները հավաքվում են համայնքապետարանից ստացած աշխատավարձից՝ 2,1 մլն դրամ, «Մայ Արգ» ՍՊԸ-ից՝ 1,4 մլն, ինչպես նաև «Իմպերիում պլազա» ՓԲԸ-ից՝ 143,9 մլն դրամ, «Տերրազզա Պարկ» ՍՊԸ-ից՝ 12 մլն դրամ ու «Արգ-Լև-Գազ» ՍՊԸ-ից՝ 10,1 մլն դրամ։

Բացի այդ, նախկին վարչապետի որդին բաժնեմաս ու բաժնետոմսեր ունի 6 խոշոր ընկերություններում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում Աբրահամյանը ներառել է 6 տեսակ անշարժ գույք, դրանք են՝ մեկ շինություն և հողամաս Իսահակյան 28 հասցեում, այստեղ է տեղակայված Տերազզա սրճարան-ռեստորանը, ունի անհատական տուն Ազատության փողոց 1/6 շենքում։ Թեկնածուին է պատկանում նաև Արարատի մարզի Մխչյան գյուղում 1 հեկտար արտադրության օբյեկտը, ինչպես նաև 0,002 հեկտար հողամասը, այս գյուղում է գտնվում նաև «Արտաշատ Վինկո» գինու գործարանը, որի 50 տոկոս բաժնեմասն Աբրահամյանինն է։

Մխչյան գյուղում նա ունի նաև խորքային հոր, որն օգտագործվում է ձկնաբուծության նպատակով։

Շարժական գույքից երիտասարդ գործարարն ունի Range Rover Sport l494s մակնիշի 2016թ․ արտադրության ավտոմեքենա, որի շուկայական գինն անցնում է 64 հազար դոլարը։ Չնայած այս թանկարժեք մեքենայի առկայությանը, թեկնածուն նախընտրում է շրջագայել Toyota Prado մակնիշի ավտոմեքենայով, որը լրագրողները ֆիքսել են ինչպես Արարատի քաղաքապետի ընտրության, այնպես էլ այս քարոզարշավի ընթացքում։

Գ․Թ․

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել