Վարչապետ․ Քաղաքացիների շրջանում դժգոհություններ կան ԴԱՀԿ-ի աշխատանքից

Քաղաքացիների շրջանում դժգոհություններ կան Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատանքից, մասնավորապես ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի վրա արգելանք դնելու գործընթացից։ Կառավարության այսօրվա նիստը մեկնարկելով հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա պարզաբանեց. «Տնտեսվարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնվում է ԴԱՀԿ ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափի անհամաչափ արգելանք դնելու խնդիրը, այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը, կամ հակառակը,- ասաց գործադիրի ղեկավարը և հավելեց, որ արդյունքում, նման արգելանքները, որոնք կիրառվում են դատական գործերում և տևում երկար, լուրջ խոչընդոտներ են առաջացնում գործարարների համար:

Այս խնդիրն, վարչապետի համոզմամբ, օրենսդրական լուծման ենթակա է, ուստի նա համապատասխան հանձնարարական տվեց Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, որպեսզի գերատեսչությունը մեկ ամսում ԴԱՀԿ ծառայության  կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես հայցի ապահովման միջոց արգելանքները գույքի կամ այլ միջոցների  վրա առավել համաչափորեն դրվելու և այդ ոլորտում առկա  օրենսդրական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ առաջարկությունների ներկայացնի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել