Հասարակությունը պետք է որոշի․ մասնագետ

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը չի կարողացել իրականացնել իր լիազորությունները և արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ։ Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Գալստյանը հիշեցնում է, որ դեռ մարմնի ստեղծման տարիներին ոչինչ չէր արվում․ «Այդ մարմինը այն ժամանակ էլ, որ ստեղծվեց, աշխատում էին մի քանի հոգի, բավականին լայն շրջանակ կար, որ հայտարագիր էին ներկայացնում, այդ հավաքագրելն ինքնանպատակ չէր, պետք է վերլուծվեր, համեմատություններ ու եզրակացություն արվեր, որ որևէ բան փոխվել է կամ՝ ոչ, սակայն նման քայլ չի իրականացվել, չկար նման լիազորություն, հստակ չէր, թե ինչ ազդեցություն է ունեցել մարմինը կոռուպցիայի դեմ պայքարում»,- նշեց մեր զրուցակիցը։

Նա, ծանոթ լինելով «Կոռուպցիայի կանխարգելման և էթիկայի հանձնաժողովի մասին» նախագծին, որով առաջարկվում է այս մարմնի լիազորություններն ավելացնել, ասաց, որ էական փոփոխություն ակնկալել պետք չէ․ «Հույս չունեմ, որ այս տեսքով նոր մարմինը որևէ արդյունքի հասնելու է, սակայն կարծում եմ, որ պետք է նոր քայլ կատարվի, քանի որ եթե որևէ քայլ դու իրականացնում ես, այդ քայլից հետ կանգնելն ավելի դժվար է, քան նոր նախաձեռնություն իրականացնելը»։

Համաձայն այս նոր նախագծի՝ հանձնաժողովն ունենալու է նույն կազմը, ինչ ներկայումս բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն է և նշանակվելու է նախագահի կողմից: Արդյո՞ք կարող է այս մարմինը անկախ համարվել և արդյունավետ գործել, հարցին մասնագետը պատասխանում է․ «Մեր երկրում անկախ հարմարվել ոչինչ չի կարող, քանի որ մեր երկրում անկախությունը ձևափոխված հասկացություն է դարձել, ի՞նչ է նշանակում անկախ, այս պահին ամենասուր հարցը անկախությունը չէ, այլ մարմնի գործիքակազմը, հնավարությունները և ցանկությունը ինչ-որ մի բան փոխելու»։

Ըստ պարոն Գալստյանի հարկավոր է հասարակությունը նախաձեռնություն ցույց տա ու որոշումներ կայացնի․ «Ամենակարևորն այն է, որ ընկալում լինի, այն անպայման չէ, որ լինի միայն իշխանությունների, ոլորտի պատասխանատուների և վերահսկողություն իրականացնողների մոտ, այդ ընկալումը պետք է լինի հասարակության ամեն անձի մոտ, այդ ընկալման շրջանակներում արդեն որոշակի քայլեր կարող են տրամաբանական արդյունքի բերել, այսինքն՝ մենք ինքներս պետք է փոխվենք և այնուհետև միայն կարողանանք գնահատական տալ, թե այս գործողություններն արդյունավետ կլինեն թե ոչ, դրանց պատասխանը քաղաքացու գիտակությունն է, քաղաքացին որպես իշխանության կրող ինքը պետք է որոշի թե ինչքանով է նրան հարմար ապրելու հասարակական հարաբերությունների շրջանակներում, այդ հարցը բավականին բարդ հարց է, մենք գիտենք, որ ամեն քայլափոխին որոշումներ ենք կատարում, ամեն անգամ մենք գնում ենք մեր պատկերացմամբ «հեշտացնող» ճանապարհով, այդ ընթացքում առնչվում ենք խնդիրների հետ, որը միգուցե դասական կոռուպցիայի դրսևորում չէ, բայց հենց այդտեղից սկսում է այն հիմնական խնդիրը։ Ես գտնում եմ, որ հասարակությունը պետք  է որոշում կայացնի»,- նշեց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել