Քննություն է տարվում՝ պարզելու երեք երիտասարդների մահվան հանգամանքները. տուժողներից երկուսը եղբայրներ են

ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երեք երիտասարդների մահվան դեպքի առթիվ։

Հունվարի 15-ին՝ ժամը 09։25-ին, «Արմենիա» ՀԲԿ-ից ահազանգ է ստացվել առ այն, որ Նազարբեկյան 22 շենքի հարեւանությամբ գտնվող ավտոտնակից իրենց մոտ է տեղափոխվել նշված շենքի բնակիչ, 1994 թ. ծնված Գարիկ Ստեփանյանի դին։

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրի զննությամբ՝ ավտոտնակում, հայտնաբերվել է եւս երկու երիտասարդի դի. մեկը՝ ավտոտնակում  կայանված ավտոմեքենայի վարորդի կողքի նստատեղին, մյուսը՝ մեքենայի աջ կողմում, հատակին։ Դիակների զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Քննությամբ պարզվել է, որ ավտոտնակում հայտնաբերված երկու տուժողները եղբայրներ են՝ 1992 եւ 1994 թթ ծնված Արթուր եւ Արտյոմ Սարկիսովներ։

Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու կամ ավելի անձանց անզգուշությամբ մահ պատճառելը)։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ երեք երիտասարդների մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել