Եթե թաքցրել եք հարկերը, ապա պատրաստ եղեք եռապատիկը վճարել

      «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն`  հարկվող օբյեկտը թաքցնելու կամ այն պակաս ցույց տալու դեպքում հարկ վճարողներից (հարկային գործակալներից) սույն օրենքով սահմանված կարգով գանձվում է թաքցված կամ պակաս ցույց տրված հարկվող օբյեկտի համար նախատեսված (հարկային մարմնի կողմից հաշվարկված) հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում նույն հարկատեսակի գծով հարկվող օբյեկտը կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում` տուգանք` հարկի ամբողջ գումարի չափով, եթե հարկային օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ: Վերոնշյալ հոդվածի 2-րդ պարբերության համաձայն` հարկվող օբյեկտը թաքցնելը կամ պակաս ցույց տալը` հարկային մարմին ներկայացված տվյալ հարկատեսակի հաշվարկներում (հայտարարագրերում) հարկվող օբյեկտը ցույց չտալը, պակաս ցույց տալը կամ էլ գործունեություն չիրականացնելու (հարկվող օբյեկտներ չառաջանալու) մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է:
Վերոնշյալ օրենքի 25-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` հաշվապահական հաշվառում (հարկային օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով նախատեսված դեպքերում` նաև այլ հաշվառում և (կամ) գրանցումներ) չվարելու կամ սահմանված կարգի խախտումներով այն վարելու, հաշվապահական հաշվետվությունները, հաշվարկները, հայտարարագրերը և հարկային օրենսդրությամբ նախատեսված այլ փաստաթղթերն ու տեղեկությունները սխալ կազմելու համար հարկ վճարողից (հարկային գործակալից) գանձվում է տուգանք` այդ խախտումների հետևանքով պակաս հաշվարկված հարկերի գումարի 10 տոկոսի չափով:
Վերոնշյալ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը (հարկային օրենսդրությամբ սահմանված դեպքերում` հարկային գործակալը) վճարում է տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:

         Բացի այդ, «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում ռեզիդենտ հարկ վճարողից գանձվում է տուգանք` ավել ցույց տված վնասի 20 տոկոսի չափով:

          Այսինքն, առհասարակ հարկերը թաքցնելիս միաժամանակ պատասխանատվության են ենթարկվում 3 հոդվածով: Օրինակ, Ա-ն ստացել է 100 միավոր եկամուտ: Վերջինս պետք է 100 միավորի 20 տոկոսը, այն է` 20 միավոր հարկ վճարեր: Եթե Ա-ն չի վճարել այս 20 միավոր հարկը, ապա խախտումը հայտնաբերելիս Ա-ն պետք է վճարի 20 միավորի հարկը, ինչպես նաև դրան գումարած դրա 50 տոկոսը` 10 միավոր, ինչպես նաև դրան գումարած դրա 10 տոկոսը` 2 միավոր, դրան գումարած դրա 0,15 տոկոսը օրական (տարեկան 55 տոկոս), որը կկազմի 11 միավոր:

     Քանի որ հարկեր թաքցնելու եղանակներից մեկը վնաս ավել ցույց տալն է, հետևաբար միևնույն իրավախախտման համար նախատեսված է նաև տուգանք արդեն «Շահութահարկի մասին» օրենքով, հետևաբար վերոնշյալ հաշվարկին կգումարվի նաև Ա-ի 100 միավոր եկամուտի 20 տոկոս տուգանքը` ևս 20 միավոր: Ընդհանուր առմամբ, քաղաքացի Ա-ն, փորձելով խնայել 20 միավոր, խախտումը մեկ տարվա ընթացքում հայտնաբերվելու դեպքում, կվճարի այդ 20 միավորը + 10 + 2 + 11 + 20: Արդյունքում ստացվում է մոտավորապես 63 միավոր, այսինքն` այն 3 անգամ կգերազանցի այն գումարը, որը քաղաքացի Ա-ն պետք է  հարկ վճարեր:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել