Հորդորում ենք Ներսես Պողոսյանի պաշտպաններին չխեղաթյուրել ներկայացված փաստերը. ԱՆ

«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, անդրադառնալով ՔԿՀ-ում պահվող Ներսես Պողոսյանի պաշտպանների` նախօրեին արված հայտարարությանը, հորդորում է վերջիններիս ուշադիր կարդալ Նախարության պատասխան նամակը և չխեղաթյուրել ներկայացված փաստերը: Մասնավորապես, 2016 թվականի դեկտեմբերի 22-ին նախարարությունը ստացել է Ներսես Պողոսյանի դիմումը, որում կալանավորված անձն իր բողոքն է հայտնել քննչական մամնի և դատարանի գործողությունների վերաբերյալ` ակնկալելով նախարարից միջոցներ ձեռնարկել արդարադատություն հաստատելու ուղղությամբ: Ի պատասխան Ներսես Պողոսյանի դիմումի` նախարարությունը հայտնել է, որ ներկայացված պահանջը դուրս է ՀՀ արդարադատության նախարարության իրավասության շրջանակներից, քանի որ «…Հայաստանի Հանրապետութունում արդարադատությունն իրականացնում են դատարանները` Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան… »: Իսկ պատասխանում նշված «օրինական ճանապարհով կարգավորելու ուղղությամբ տարվող աշխատանքները» վերաբերել են կալանավորի կողմից բարձրացված հարցերին, այլ ոչ թե հացադուլին:

Հ.Գ. Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը Ազատություն ռադիոկայանի կազակերպած ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում, անդրադառնալով կալանավորված անձի՝ հացադուլով պայմանավորված պահանջին, նշել էր, որ կուսումնասիրի խնդիրը, և եթե այն վերաբերի նախարարության իրավասությանը, անպատճառ լուծում կտա դրան: Ասուլիսից անմիջապես հետո, նախարարի հանձնարարականով կալանավոր Ներսես Պողոսյանին այցելել էին ՔԿՀ աշխատակիցները, որի ընթացքում նա կրկին նշել է, որ բողոքն ուղղված է քրեական գործին և պահման պայմանների հետ կապված որևէ բողոք չունի»:

Այս մասին Իրավաբան.net-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել