Երեք դաժան սպանություն, որ կատարվել են Հայաստանում

Մարդասպանությունը ամենածանր հանցագործությունն է, ծանր է նաև պատիժը: Մեր երկրում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, առանձնացրել ենք երեք դաժան դեպքերը՝

1. 1990թ. ծնված Ա.Դ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014 թվականին գիշերը առանց հափշտակելու նպատակի ապօրինաբար տիրացել է այլ անձի պատկանող մեքենային: Նույն օրը, ժամը 03-ի սահմաններում ժամանել է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի առանձնատան բակ, ապօրինի մուտք է գործել բնակարան և այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափերով ապրանքներ:

Մեկ այլ օր ալկոհոլի ազդեցության տակ, իր անհագուրդ սեռական կարիքները բավարարելու համար, միայնակ մուտք է գործել իր ընկերոջ մորաքրոջ առանձնատուն և փորձել սեռական հարաբերություն ունենալ մորաքրոջ՝ Հ.Ա.-ի հետ, նրա կամքին հակառակ բռնաբարել և սեքսուալ բնույթի գործողությոններ է կատարել նրա նկատմամբ, այնուհետև կյանքից զրկելու դիտավորությամբ սուր կտրող-ծակող գործիքով բազմակի հարվածներ է հասցրել Հայկանուշ Աշուղյանի դեմքի, պարանոցի, աջ նախաբազկի շրջաններին և սպանել նրան: Այնուհետև տանից վերցրել է 2 խոհանոցային դանակներ և դիմել է փախուստի: Հանդիպելով Ր. Ա.-ի և Դ.Հ.-ի կողմից նրա փախուստը կանխելու խոչընդոտին, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, դանակով հարվածել է Ր. Ա.-ին` նրա առողջությանը պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել:

Դատարանը ամբաստանյալին մեղավոր է ճանաչել հասցեագրված արարքում և վերջնական պատիժ նշանակել ազատազրկում 20 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման:

Դատավճիռը բողոքարկվել է վերաքննիչ և վճռաբեկ ատյաններու և թողնվել անփոփոխ, գործը նախորդ ամիս առաքվել է Լոռու  ՀՀ վերաքննիչ քրեական դատարան` հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում:

2. 2014թ. դեկտեմբեր ամսին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնի «1-02» հեռախոսահամարին զանգ է կատարվել, հեռախոսահամարին կատարված ահազանգի ձայնագրառման զննությունները տեղ են գտել դատավճռում, ներկայացնում ենք դրանք.

– Ոստիկանություն:

– Բարև Ձեզ, ոստիկանությունի՞ց ա:

– Այո:

– Ես սպանություն եմ կատարել:

– Ի՞նչ սպանություն: Ո՞ւմ ես սպանել:

– Մարդու սպանություն: Ասենք, սպանությունը ես եմ կատարել, այսինքն եթե ես եմ սպանել, ես գիտեմ, եթե ես որ ասեմ, կարո՞ղ ա մեղմիչ հանգամանք ըլնի, գիտեմ: Ես նախկինում դատված եմ: Ես չէի ուզում, ինքն ա էլի տեղիք տվել, հա դանակով հարձակվել ա վրես, մատս ճղել ա դանակով: Էդ դանակը, ոնց որ ես ասենք պաշտպանվելու համար էդ դանակը ֆռացրել եմ: Ես իրան բռթել եմ, դանակը ձեռից խլել եմ:

Այնուհետև սպանողը ամբողջ մանրամասները պատմել է, նշել է հասցեն, իր անուն-ազգանունը, հեռախոսահամարը:

Սպանողը Արմանը (անունը փոխված է) 2014 թվականի դեկտեմբերի ամսին տեղեկանալով, որ իր ծանոթ Ազատը (անունը փոխված է), պարտքը մարելու նպատակով որպես օգնություն իր տված 1.000 ՀՀ դրամ գումարը նպատակին չի օգտագործել, այլ օղի է գնել, բարկացել է և պարզաբանում ստանալու նպատակով ժամը 02.00-ի սահմաններում միայնակ այցելել է վերջինիս բնակարան: Արդեն բնակարանում նրանց միջև վիճաբանություն է սկսվել, որի ընթացքում Արամը, ձեռքով բռնելով աթոռին նստած Ազատի հագուստից, գցել է գետնին, այնուհետև ձախ ոտքի կրունկի հատվածով մի քանի անգամ հարվածել նրա դեմքին՝ պատճառելով ձախ հոնքի դրսային շրջանի սալջարդ վերք, ձախ վերհոնքային շրջանի քերծվածքներ, ձախ ակնակապճի՝ այտաքունքային շրջանի ընդգրկումով տարածուն արյունազեղում, գանգի թաղի և ստորին ծնոտի ոսկրերի կոտրվածքներ և ապօրինաբար վերջինիս դիտավորությամբ զրկելով կյանքից:

Ամբաստանյալն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և դատաքննության ընթացքում ցուցմունք է տվել այն մասին, որ Ազատին սպանելու նպատակ չի ունեցել, իրենց միջև ուղղակի վիճաբանություն է առաջացել։

Դատարանը վճռել է Արմանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և պատիժ նշանակել ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով:

Նրանից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել շուրջ 208 հազար դրամ՝ որպես դատական ծախս:

3. Հայաստանում ՌԴ ռազմաբազային զինծառայող Վալերի Պերմյակովը 2015թ. հունվարի 12-ին սպանեց մի ողջ հայկական ընտանիք: Հունվարի 12-ին՝ ժամը 10-ի կողմերը Ավետիսյանների տուն մտած հարևանուհին տեսել է, որ ընտանիքի 6 անդամները գնդակահարված են, իսկ վեց ամսական երեխան՝ վիրավորված, երեխային տանում են հիվանդանոց, սակայն նրան փրկել հնարավոր չի լինում: Պերմյակովը դատապարտվել է ցմահ ազատազրկման:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել