Մենք երազում ենք ապրել մի երկրում, որը զերծ է կոռուպցիայից. Կարեն Զադոյան

Ինչպես տասնամյակներ առաջ Մարտին Լյութեր Քինգը երազում էր ունենալ մի երկիր, որտեղ կլինի իրավահավասարություն, այնպես էլ այսօր մենք երազում ենք ապրել այն Հայաստանում,  որը զերծ կլինի կոռուպցիայից: Այսօր Կառավարություն-Քաղաքացիական հասարակություն հակակոռուպցիոն աշխատանքային խմբի ընդլայնված հանդիպման ժամանակ հայտարարեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի (ԻՀԱ) նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը:

1-copyՀանդիպման թեման ապօրինի հարստացման քրեականացումն էր. «Այս ինստիտուտը մեզ համար շատ կարևոր հակակոռուպցիոն կառուցակարգ է, մենք ութ տարի պայքարել ենք այդ ուղղությամբ, որ հնարավորինս զերծ մնանք ինչպես վարչական, այնպես էլ քաղաքական կոռուպցիայից: Մենք վստահ ենք, որ հանրության օգնության ու հետևողական աջակցության շնորհիվ այս ինստիտուտը կգործարկվի», – շեշտեց Կարեն Զադոյանը:

Այս պայքարը նաև արդյունք է տվել քաղաքացիական հասարակության և կառավարության միջև անջրպետի վերացմանը. «Կար մտացածին կարծրատիպ, որ կառավարության և ՔՀԿ սեկտորի շահերը տարբեր են, մենք փորձեցինք դա հաղթահարել, մեր բոլորիս նպատակը մեկն է: Խնդիրները հանրային շահի տեսանկյունից պետք է քննարկվեն: Վստահ եմ, որ այս գաղափարները կրողները շատանալու են ու կոռուպցիան դիտարկելու են որպես չարիք, ինչպիսին մանկապղծությունն է», – ասաց բանախոսը:

dsc07369-copy«Կոռուպցիայի դեմ պայքարում իսկապես քաղաքացիական հասարակության դերը մեծ է», – հանդիպման մասնակիցներին վստահեցրեց արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Նա նաև ասաց. «Նախորդ տարի ԻՀԱ-ի ու մի շարք գործընկեր ՀԿ-ների հետ նախաձեռնեցինք պլատֆորմ ու ստեղծեցինք հարթակ, որտեղ այս գործընթացը համատեղ իրականացրինք, արդյունքում կառավարության ծրագրում ապօրինի հարստացման քրեականացումը ներառվել է կարևոր նախագծերից մեկը, արդեն իսկ մշակվել է օրինագիծ, այսօր մենք քննարկում ենք վերջնական տարբերակը», – ասաց նա:

Գերատեսչությունը ակնկալիքներ ունի, որ այս ինստիտուտի ներդրմամբ այն բոլոր դեպքերում, երբ կոռուպցիոն դեպքերը չեն բացահայտվի, կգործի ապօրինի հարստացման ինստիտուտը: Այդուհանդերձ, նախարարի տեղակալը խոստովանեց, որ դեռ անելիքներ շատ կան:

dsc07359-copyՊետական եկամուտների կոմիտեն բարեփոխումների նոր և խորքային փուլ է թևակոխել, ասաց ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Սաքապետոյանը՝ հավելելով, որ այս տեսանկյունից կարևոր է նաև ՊԵԿ-ի դերը ապօրինի հարստացման հետ կապված հարցերում. «ՊԵԿ-ի գործողությունները պետք է լինեն համակարգված ու շարունակական: Նախագծի դրույթների կիրառելիությունը ապահովելու համար առավել իրատեսական է ամբողջական փաթեթի մշակումը և շրջանառումը, որն իր մեջ կներառի իրավահարաբերությունների համապարփակ կարգավորումների մեխանիզմ: Մասնավորապես, կսահմանվի օրինական եկամուտների հասկացությունն ու բաղադրիչները ողջամտորեն հիմնավորելու եզրույթի շրջանակներում կատարվելիք հիմնական գործողությունները, փաստաթղթերի ցանկերի նախատեսումը, այն իրավունքների ու պարտականությունների սահմանումը, այն աղբյուրները և տվյալները, որոնց հետ անհրաժեշտ է կատարել հայտարարատուների կողմից ներկայացված տեղեկությունների համադրումներ, ինչպես նաև բանկային գաղտնիքի բացահայտման հետ կապված գործարքները, ինչը կարևոր է անկանխիկ գործառույթների հիմնավորվածությունն ապացուցելու առումով», – շեշտեց պաշտոնյան և ընդգծեց՝ ՊԵԿ-ը պատրաստակամ է կատարել այդ գործողությունների շրջանում օրենքով իրեն վերապահվելիք պարտականությունները:

dsc07366-copyԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանի կարծիքով՝ ապօրինի հարստացման քրեականացումը հանդիսանում է կոռուպցիայի դեմ պայքարի գործիքներից կարևորագույնը. «Տարեցտարի դրա կիրառելիությունը մեծանում է, տարբեր երկրներ այն որդեգրում են», – ասաց տիկին Գյուլնազարյանը և ներկայացրեց մի շարք միջազգային իրավական փաստաթղթեր, որտեղ արծարծվում է այս ինստիտուտը:

Թե ինչ տեսքով է գործադիրը պատրաստվում խորհրդարանին ներկայացնել այս ինստիտուտը, ներկայացրեց  ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի առաջատար մասնագետ Արփինե Սարգսյանը:

dsc07373-copyՆա հայտնեց, որ այս պահի դրությամբ օրենսդրական փաթեթն իր մեջ ներառում է ՀՀ քրեական օրենսգրքում օրենքի նախագիծը, առաջարկվում է օրենսգիրքը լրացնել 310 հոդվածով. «Մենք գնացել ենք այն ճանապարհով, որ ամրագրել ենք ապօրինի հարստացման հիմնական դրսևորումները: Մենք ապօրինի հարստանալը բացել ենք որոշակի գործողություններով, այն է՝ գույքի ավելացում և պաշտոնատար անձի պարտավորությունների նվազում: Ովքե՞ր են հանդիսանում հանցակազմի սուբյեկտներ: Դրանք հայտարարագիր ներկայացնողներն են: Ամրագրել ենք նաև, որ եթե պաշտոնատար անձի հայտարարագրում առկա է որևէ անհամապատասխանություն, ապա դա ինքնըստինքյան չի կարող համարվել փաստարկված: Շեշտենք, որ չափազանց փոքր անհամասնությունները չպետք է քննվեն, քննության առարկա են դառնում նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով անհամամասնությունները և ավելին: Որպես սանկցիա՝ նախատեսվել է երեքից վեց տարի ազատազրկում, ինչպես նաև պաշտոններից որոշակի ժամկետով զրկում ու գույքի բռնագրավում:

img_9299-1-copy«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի ազգային փորձագետ, աշխատանքային խմբի անդամ Մարիամ Զադոյանը ներկայացրեց ապօրինի հարստացման միջազգային փորձն ու խոսեց առկա խնդիրներից: Ըստ նրա՝ իրավապահ մարմինները պարտավոր են հիմնավորել մեղադրանք ներկայացնելու օրը մեղադրյալի ենթակայության տակ գտնվող եկամտի և գույքի չափի և մեղադրանք ներկայացնելու օրը մեղադրյալի հայտարարագրած կամ այլ կերպ հայտնի օրինական եկամտի և գույքի չափի միջև էական անհամապատասխանությունը: Նա նաև ընդգծեց, որ քննարկվող նախագծով պաշտոնատար անձի պաշտոնի դադարեցումից հետո հանցակազմի գործողության հավելյալ 5 տարվա ժամկետ սահմանված չէ, ինչպես նաև չի ամրագրվել պաշտոնատար անձանց անմեղ ճանաչվելու դեպքում ազդարարների հանդեպ պատասխանատվության մեխանիզմները:

dsc07374-copyՔարլ Ուլբրիխտը՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի միջազգային փորձագետը, առաջարկեց ապօրինի հարստացման քրեականացման ինստիտուտը ներդնելիս հաշվի առնել հետևյալ ռիսկերը՝ անմեղության կանխավարկած, Սահմանադրության հետ համապատասխանեցման հարցը, լռության իրավունքի և սեփական անձի դեմ ցուցմունք չտալու սկզբունքները և քաղաքական հետապնդումների հավանականությունը:

Խոսելով ինստիտուտի արդյունավետությունից՝ նա ասաց, որ այն երկրներում, որոնք քրեականացրել են ապօրինի հարստացումը, կոռուպցիայի նվազման միտում է նկատվում: Այդ երկրների շարքին են դասվում Բանգլադեշը, Հնդկաստանը, Պակիստանը և Հոնկոնգը, հակառակ դեպքում կոռուպցիան շարունակում է վտանգավոր լինել պետության համար, ինչպես Ռուսաստանի և Հայաստանի պարագայում: Ասածը հիմնավորելու համար պարոն Ուլբրիխտը համապատասխան վիճակագրություն ներկայացրեց:

Ներկայացումներին հաջորդեց մասնակիցների հետ քննարկումը:

Իրավաբան.net

 

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ