Գործադիրի ծրագրում պետք է հստակ արտացոլվի հակակոռուպցիոն անկախ մարմնի ստեղծումը. Կարեն Զադոյան

Կառավարությունը ներկայացրել է նոր ծրագիրը, որում արտացոլված է նաև հակակոռուպցիոն պայքարը:

Գործադիրը նպատակ ունի եռամսյա ժամկետում «ապօրինի հարստացումը» քրեականացնել և վեցամսյա ժամկետում դրա կիրառումն ապահովող գործուն կառուցակարգերի ներդնել:
Տարիներ շարունակ ապօրինի հարստացման քրեականացման մասին բարձրաձայնել է Իրավաբանների հայկական ասոցիացիան, հենց այս կազմակերպության ջանքերի շնորհիվ ուսումնասիրվեց միջազգային փորձն ու արդարադատության նախարարության հետ համատեղ ուսումնասիրություն ներկայացվեց Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստի քննարկմանը:

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը կարևորեց կառավարության ծրագրով ամրագրված դրույթը. «Կառավարությունը հստակ և հասցեական մոտեցումներ է որդեգրել ապօրինի հարստացման հարցում»,- նշեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ շեշտելով, որ գործադիրի ծրագրի հակակոռուպցիոն դրույթներում առկա են նաև կետեր, որոնք տարակարծությունների տեղիք են տալիս:

Մասնավորապես՝ կառավարությունը նախատեսում է վեցամսյա ժամկետում իրականացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայման միջոցով: Այս առնչությամբ Կարեն Զադոյանը հիշեցրեց, որ մինչ այս Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի սույն թվականի հունիսի 15-ի և 17-ի նիստի ընթացքում ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի միջազգային փորձի վերաբերյալ կատարված ուսումնասիրությունը և Հայաստանում անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ առաջարկը, որը ընդգրկում էր անկախ հակակոռուպցիոն մարմնի երկու մոդելների` Անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի (որը պետք է ներառի երեք բաղադրիչ՝ քննչական, կրթական և կանխարգելիչ) կամ Անկախ հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմնի (որը կունենա կանխարգելիչ և կրթական գործառույթներ, ինչպես նաև այդ մարմնից առանձին կգործի առանձին քննչական մասնագիտացված մարմին) ստեղծումը.

«Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը որոշել էր ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել երկամսյա ժամկետում մասնագիտական ՔՀԿ-ների հետ վեր հանել երկու մոդելների ուժեղ ու թույլ կողմերը և կառավարություն ներկայացնել անկախ հակակոռուպցիոն մարմնի երկու մոդելների վերաբերյալ վերջնական առաջարկություն: Այս ամենը փաստում է, որ կառավարությունը պետք է շարունակեր այս հարցում մեր կողմից առաջարկված և իր կողմից որդեգրած անկախ հակակոռուպցիոն մարմին ստեղծելու քաղաքականությունը և իր ծրագրում հստակ ձևակերպեր այն: Մինչդեռ կառավարության ծրագրում բացակայում է այդ հստակությունը և տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը այս հարցում նահանջում է իր իսկ կողմից ամիսներ առաջ որդեգրած և հանրությանը բարձրաձայնած քաղաքականությունից: Բացի այդ կարծիք է ձևավորվում, որ գործադիրը նպատակադրված է վերափոխել Կոռուպցիայի դեմ պայքարի գործող խորհրդի ձևավորման գործառույթները, դրանով տպավորություն ստեղծել, որ խորհուրդը ձեռք կբերի որոշակի անկախություն, սակայն զարգացած երկրները, ոչ թե կոսմետիկ փոփոխություններով անկախ մարմնի տպավորոթյուններ են ստեղծում, այլ դասական իմաստով ստեղծում են հակակոռուպցիոն անկախ մարմին` հիմնված հստակ սկզբունքների, չափորոշիչների և գործառույթների վրա: Ավելին, այս հարցում համաշխարհային վերջին զարգացումները վկայում են, որ անկախ մարմնի ամենարդյունավետ մոդել հանդիսացող անկախ ուսնիվերսալ մարմնին այլընտրանք չկա: Ուստի կարծում եմ, որ նոր հեծանիվ հորինելու կարիք չկա և գործադիրի ծրագրում պետք է հստակ արտացոլվի անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Այդուհանդերձ նա դրական է համարում այն հանգամանքը, որ կառավարությունը ցանկանում է կանխիկ գործառնությունները սահմանափակող իրավակարգավորումներ սահմանել, գույքի և եկամուտների հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակն օրենսդրորեն ընդլայնել և փոխկապակցված անձանց շրջանակը հստակեցնել, ինչպես նաև շահերի բախման հայտարարագրման ինստիտուտի ներդրմանն ուղղված միջոցառումներ իրականացնել, ինչի մասին բազմիցս կարևորել և բարձրաձայնել է Իրավաբանների հայկական ասոցիացիան:

Մյուս խնդիրը, որ առկա է ծրագրում, կապված է ազդարարների պաշտպանության ինստիտուտի հետ, կառավարությունը նպատակ ունի ազդարարների պաշտպանության գործուն համակարգի ներդրման ուղղությամբ միջոցառումներ իրականացնել. «Տվյալ դեպքում, նույնպես մասնավորեցման խնդիրներ ունենք: Հարկավոր է նաև սահմանել հստակ ժամկետներ այս ինստիտուտի ներդրման համար, ոչ թե միայն միջոցառումներ իրականացնել»,- ասաց Կարեն Զադոյանը:

Կառավարության նոր ծրագրից դուրս են մնացել նաև երկու կարևոր կետեր՝ իրական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը և անկախ հակակոռուպցիոն կենտրոնների գործարկումը:

Ըստ Կարեն Զադոյանի՝ ժամանակի հրամայականն է պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտի ներդնումը և օֆշորային գոտիներից պետական գնումներին մասնակցության արգելքի սահմանումը. «Օֆշորային գոտիներից բխող հիմնական վտանգն պայմանավորված է նրանով, որ բազմաթիվ ընկերություններ, որոնց սեփականատերերը հայտնի չեն, գրանցվում են օֆշորային գոտիներում և Հայաստանում հաղթում պետական գնումների մրցույթներ: Այնպես որ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նախորդ նիստում այս հարցը նույնպես իմ կողմից ներկայացվել էր և առաջարկվել, որ գնումներում թափանցիկությունն ու հաշվետվողականությունը բարձրացնելու և կոռուպցիայի մակարդակը նվազեցնելու համար կառավարությունը պարտադրի իր հետ պայմանագիր կնքել ցանկացող կազմակերպություններին բացահայտել իրական սեփականատերերին, ինչպես նաև հանրային դարձնել վերջիններիս վերաբերյալ ինֆորմացիան: Չնայած, որ այս առաջարկությունը քննարկվել ու ընդունվել է խորհրդի կողմից, ավելին խորհուրդը որոշել էր ՀՀ արդարադատության նախարարին հանձնարարել երկամսյա ժամկետում ՔՀԿ-ների հետ համատեղ մշակել և կառավարություն ներկայացնել համապատասխան օրենսդրական փաթեթ, սակայն այս կարևոր հարցը նույնպես իր արտացոլումը չի գտել գործադիրի նոր ծրագրի ո’չ հակակոռուպցիոն պայքարին, ո’չ էլ պետական գնումներին վերաբերող հատվածներում»,- շեշտեց մեր զրուցակիցը:

Իսկ վարչական կոռուպցիայի դեմ պայքարում կառավարության ծրագրով նախատեսվում է ավելորդ ընթացակարգերն ու օղակները վեր հանել և վերացնել, իսկ առօրյա կյանքում պետական կառավարման մարմինների հետ անհարկի շփումները նվազագույնի հասցնել: Այս մոտեցումը դրական համարելով՝ այդուհանդերձ Կարեն Զադոյանը շեշտում է, որ վարչական կոռուպցիայի դեմ պայքարն իր արդյունքը չի տա, եթե Կառավարության հետ համագործակցության նույն տրամաբանության մեջ չգործարկվեն անկախ հակակոռուպցիոն կենտրոնները: Այս հարցը նույնպես քննարկվել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերջին նախանիստում և ցավալի է, որ հակակոռուպցիոն այս կարևոր կառուցակարգը նույնպես չի արտացոլվել կառավարության ծրագրում:

Մեր զրուցակիցը համաձայնվեց առաջիկայում ավելի խորը և համակողմանի անդրադառանալ Հայաստանում հակակոռուպցիոն պայքարին և Կառավարության կողմից այս հարցում որդեգրած քաղաքականությանը:

Գ.Թ.

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ