Պատգամավոր. Հայաստանի համար 19 նախարարություն ունենալը շռայլություն է

«Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծն այսօր քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: Նախարար Արփինե Հովհաննիսյանը հակիրճ ներկայացրեց նախագիծը: Այնուհետև տեղի ունեցավ մտքերի փոխանակում:

Ազգային ժողովում այնքան քիչ էին պատգամավորները, որ Հրանտ Բագրատյանը, մոտենալով ամբիոնին, որոշեց ներկաներին մեկ առ մեկ ողջունել: Կարծիք հայտնելով գործադիրի նախագծի վերաբերյալ՝ նա շեշտեց, որ հարկավոր է կառավարությունը խորհրդարան ներկայացներ նախ իր ծրագիրը, այնուհետև խոսեր կառուցվածքային փոփոխությունների մասին:

Պատգամավոր Թևան Պողոսյանը մտահոգություն հայտնեց մշակույթային ոլորտի, մասնավորապես հուշարձանների պաշտպանության վերաբերյալ. «Հասկանում եմ, որ քաղաքաշինության նախարարությունը լուծարելու նպատակ կա, չգիտեմ՝ ինչ է ճակատագիրը լինելու, այդուհանդերձ անթույլատրելի է ինձ համար, որ մշակույթային հուշարձանների պաշտպանությունը մի տեղից չի կատարվելու»,- ասաց նա:

Պատգամավորը եզրահանգեց՝ Հայաստանի համար 19 նախարարություն ունենալը շռայլություն է, նպատակահարամար կլիներ, եթե ունենային 12 գերատեսչություն:

Նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ ընդունում է պարոն Պողոսյանի դիտարկումն առ այն, որ խորհրդարանը պետք է ունենա իրազեկում՝ քվեարկելու համար. «Այն տեղեկատվությունը, որ այս պահի դրությամբ քննարկվում է՝ հուշարձանի հետ կապված, ենթակա է վերանայման, կարծում եմ՝ այն քաղաքաշինության գերատեսչության լիազորության ներքո չի լինի»,- նշեց նա ու անդրադարձավ Հրանտ Բագրատյանի դիտարկմանը՝ ասելով. «Ծրագիր, թե՞ կառուցվածք, երկար բանավեճ է իրականում, նույնիսկ կարող եմ ասել՝ անպտուղ, բայց Սահմանադրությունը կանխորոշել է՝ կառավարությունը ձևավորեք, հետո ներկայացրեք ծրագիր: Պատկերացրեք մի իրավիճակ՝ այս կառուցվածքով առաջարկում ենք քաղաքաշինության նախարարությունը վերացնել, նշանակվում էր նախարարը, հետո հաստատում ենք ծրագիրը, հետո բերում ենք ու կառուցվածքը ներկայացնում և այդ նախարարը 10-20 օրվա ընթացքում պետք է գործից դուրս գա: Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ ինչպիսի կառուցվածք էլ ներկայացնեն, միշտ կարող է դրան այլընտրանք լինել, միշտ կարող են ասել, որ դրանից լավը կա ու մենք այսպես ենք պատկերացնում»,- եզրափակեց նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել