4 սպաների ցուցմունքների հիման վրա 6 զինվոր կարող են ազատազրկվել 8 տարի ժամկետով

Փաստաբան Նորայր Նորիկյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով զինվորների կողմից հրամանատրին ծեծելու առթիվ հարուցված քրեական գործին.

«ՀՀ ՊՆ N զորամասի թվով 6 պարտադիր ժամկետային զինծառայողներ (շարքայիններ) մեղադրվում են իրենց վաշտի հրամանատարին ծեծելու համար, որի համար վերջիններիս սպառնում է մինչև 8 տարի ազատազրկում: Գործը քննվում է ՀՀ Սյունքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Ստանձնել եմ նշված զինծառայողներից մեկի՝ Վազգեն Արտյոմի Մխեյանի պաշտպանությունը, ով մեղադրվում է ալկոհոլ օգտագործած վիճակում իր 5 համածառայակիցների հետ վաշտի հրամանատարին շուրջ 10 րոպե ծեծելու համար:

Հատկանշական է, որ տրված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ տուժող սպայի մարմնի վրա որևէ վնասվածք չի հայտնաբերվել, բացառությամբ աչքի տակ առկա կապտուկի, այն դեպքում, երբ մեղադրական եզրակացության մեջ պնդում է արված, որ նշված 6 զինծառայողները, ըստ էության, շուրջ 10 րոպե ծեծել են  սպային:

Անհրաժեշտ եմ համարում պաշտոնապես հայտարարել, որ իմ պաշտպանյալ Վազգեն Մխեյանի մասով նշված քրեական գործով հաստատված մեղադրական եզրակացությունում առկա է ակնհայտ կեղծիք:

Վերջինս ոչ միայն ալկոհոլ չի օգտագործել (Փորձաքննությամբ հաստատվել է), այլև տեղի ունեցած միջադեպի ընթացքում փորձել է օգնել տուժողի կարգավիճակ ստացած իր վաշտի հրամանատարին:

Քրեական գործի նյութերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իրավասու մարմինների կողմից առանձնակի «ջանասիրություն» է ցուցաբերվել  6 շարքային զինծառայողներին ծանր հանցագործության մեջ մեղադրելու և երկար տարիներով ազատազրկման դատապարտելու համար, այն դեպքում, երբ ակնհայտ է, որ եթե «տուժող» սպան ցուցաբերեր հրամանատարին վայել կեցվածք և ժամանակին ձեռնարկեր իր իրավասություններից բխող քայլեր, այսօր նշված զինծառայողները չէին հայտնվի վանդակաճաղերից այն կողմ:

Մեր փաստաբանական գրասենյակը հետամուտ է լինելու այս գործում արդարության վերականգնման համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել