«Պանամական փաստաթղթեր»-ով Պանաման ցույց է տալիս աշխարհին, որ պայքարում է կոռուպցիայի դեմ

Այս տարվա դեկտեմբերին Պանամայում անցկացվելու է միջազգային հակակոռուպցիոն համաժողովը, որին մասնակցելու են աշխարհում հակակոռուպցիոն պայքարի առաջամարտիկները: Այս մասին հայտնել է Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը՝ «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդմանը տված հարցազրույցի ժամանակ:

Կ. Զադոյանի խոսքով, «Պանամական փաստաթղթերի» բացահայտումը հենց այս համատեքստում արվեց՝ ցույց տալով, որ Պանաման կարծես փորձում է պայքարել կոռուպցիայի դեմ:

Հարզացրույցի ժամանակ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահն անդրադարձավ օֆշորային գոտիների գրավիչ լինելուն, դրանց առաջ բերած խնդիրների,  ինչպեսև կոռուպցիայի դեմ պայքարի, անպատժելիության մեխանիզմների ներդրման մասին:

Այն հարցին, թե ինչո՞վ է անօրինական այն, որ Միհրան Պողոսյանը օֆշորային ընկերության մասնակից է, Կարեն Զադոյանը պատկերավոր օրինակ բերեց. «2013 թվականի ապրիլին Ֆրանսիայի նախարար Ժերոմ Քաուզակին պաշտոնանկ արվեց միայն այն պատճառով, որ շվեյցարական բանկում ուներ չհայտարարագրված հաշվեհամարներ»:

Կ. Զադոյանի խոսքով, օֆշորային գոտիներում ունենալ որևէ ընկերություն,  իրավախախտում չէ: Աշխարհի խոշորագույն ընկերությունները, օրինակ Google-ը, օֆշորային գոտիներում գրանցում են ընկերություններ: Սա թույլ է տալիս առավել օպտիմալ լուծումներ գտնել հարկային դաշտում աշխատելիս: Խնդիրն այն է, որ նախկին կամ ներկայիս կոռումպացված պաշտոնյաների ոչ օրինական ճանապարհով աշխատած գումարները տեղափոխվում են օֆշորային գոտիներ և այնտեղի ընկերությունների միջոցով այդ գումարները օրինականացվում են, այդ ընկերությունների միջոցով մասնակցում են տեղի պետական գնումներին:

Նա օրինակ բերեց այն, որ դեռևս նախորդ տարի Իրավաբան.net-ը անդրադարձել էր կառավարության կողմից օֆշորյան գոտում խոշոր բաժնետեր ունեցող  «Միկմետալ» ընկերությունից բնակարաններ գնելու խնդրին:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Լուրեր

Իրադարձություններ