Նոր ռազմական հարձակումներն անկանխատեսելի բացասական հետևանքներ կարող են ունենալ ամբողջ տարածաշրջանի համար. Է. Նալբանդյան

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ելույթ է ունեցել Հելսինկիի համալսարանում: Նա պատմական ակնարկ է կատարել և անդրադարձել է ներկա իրավիճակին:

«Բաքուն ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները բանակցություններում ցանկացած առաջընթաց տապալելու համար` զուգահեռաբար գնելով աննախադեպ քանակության հարձակողական սպառազինություն և այնուհետև հայտարարելով, թե իրավունք ունի ուժ կիրառել, քանի որ բանակցություններում որևէ հեռանկար չի տեսնում: Առավել պարզ ասած, Ադրբեջանը, ձախողվելով բանակցություններում, փորձեց հաջողություն գտնել ռազմական ճանապարհով, ուր ևս ձախողվեց»,- ասել է նա: Ըստ ԱԳ նախարարի՝ Ադրբեջանը էլ ավելի հեռուն է գնացել՝ որդեգրելով զանգվածային ահաբեկման միջոցով իր կամքը պարտադրելու չափազանց վտանգավոր քաղաքականություն:

«Քառօրյա պատերազմի ընթացքում մենք Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության դեմ Ադրբեջանի զինված ուժերի կողմից բացառիկ վայրագության ականատեսը եղանք: Կիրառելով «Գրադ» տեսակի հրթիռային կայանքներ՝ Ադրբեջանը հրետանակոծության է ենթարկել Լեռնային Ղարաբաղի դպրոցները, որի հետևանքով աշակերտներ զոհվեցին և վիրավորվեցին: Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկում երեք տարեց անձինք, ներառյալ՝ 92-ամյա կին, դաժան կտտանքների ենթարկվեցին, անդամահատվեցին՝ կտրվեցին նրանց ականջները, և այնուհետև սպանվեցին: Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի գերեվարված երեք զինվորներ ԴԱԻՇ-ին բնորոշ ոճով գլխատվեցին: Դա հոխորտանքով ի ցույց դրվեց Ադրբեջանի քաղաքներում ու գյուղերում, հրապարակվեց սոցիալական ցանցերում: Ավելին, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ տեղի ունեցավ հայ զինծառայողների մարմինների վերադարձ, ակնհայտ էր, որ բոլորն անխտիր ենթարկվել են խեղման: Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակավայրերի հրետանակոծումը շարունակվում է մինչ օրս»,- նշվում է հայտարարության մեջ:

Ըստ Նալբանդյանի՝ տարիներ շարունակ պետական մակարդակով քարոզվող հայատյացությունը էլ ավելի է խորանում Ադրբեջանում:

Նա նաև փոխանցել է, որ Ադրբեջանի արկածախնդրությունը մեծ վնաս է հասցրել բանակցություններին և լրջորեն խաթարել է խաղաղ գործընթացը: «Այսօր մենք համանախագահների հետ միասին ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի հետևանքները հաղթահարելու ուղղությամբ: Առանց հրադադարի ռեժիմի իրական ամրապնդման՝ բանակցային գործընթացը կհանդիսանա սոսկ ադրբեջանական շանտաժի գործիք: Այդ համատեքստում միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ նախագահությունը ընդգծել են հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմի ստեղծման անհրաժեշտությունը: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը մշտապես ողջունել են այդ առաջարկները:

Ադրբեջանը ոչ միայն մերժեց դրա իրականացումը, այլ նաև հրադադարի ամրապնդման միջոցառումները հրապարակայնորեն ամենաբարձր մակարդակով որակեց որպես «տարօրինակ և զավեշտալի առաջարկություն»: Փաստորեն 21-րդ դարում կան առաջնորդներ, որոնց համար մարդկային զոհերը կանխող նախաձեռնությունները կարող են թվալ տարօրինակ և զավեշտալի: Սա մարդկային կյանքի հանդեպ, այդ թվում նաև սեփական քաղաքացիների կյանքի հանդեպ պաշտոնական Ադրբեջանի ղեկավարության իրական վերաբերմունքի վկայությունն է»:

Նա նաև վստահեցրել է, որ Ադրբեջանը սկսել է խոչընդոտել ԵԱՀԿ դիտորդների կողմից շփման գծում դիտորդական առաքելությունների իրականացմանը:

Նախարարը եզրափակելով՝ ասել է. «Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա և զորքեր, էլ ավելի ուժգնացնելով իր ռազմատենչ հռետորաբանությունը և իրականացնելով սադրիչ քարոզչություն միջազգային հարթակում` փորձելով հայկական կողմին մեղադրել այն ամենում, ինչ հենց ինքն է անում և այդպիսով փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետևանքներ ամբողջ տարածաշրջանի համար: Վաղուց ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հստակ քայլեր ձեռնարկի Ադրբեջանին կարգի հրավիրելու նպատակով:

Ներկա պայմաններում ինքնորոշման իրավունքի իրացումը ոչ թե ԼՂ ժողովրդի սոսկ ձգտումն է, այլ հիմնախնդրի արդարացի լուծման միակ բանալին

Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն ապացուցել են իրենց հանձնառությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով կարգավորմանը: Դժբախտաբար, Ադրբեջանը մշտապես ընդդիմանում է դրան: Տարածաշրջանում նոր պատերազմից խուսափելու համար միջազգային հանրության ջանքերը պետք է ուղղված լինեն պարտադրելու ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը»:

Հայաստանի ԱԳ նախարարի ելույթի ամբողջական տեքստն՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել