Պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորվում է անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններ

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ բնակչության ստվար զանգվածը չի դիմում բժշկական օգնության` սոցիալական անապահով վիճակից ելնելով, կարելի է փաստել, որ ՀՀ կառավարության 30 մարտի 2006 թվականի N 420-Ն որոշումը կարևոր քայլ է այս ոլորտում:
Մասնավորապես, նշված որոշմամբ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, ինչպես նաև Հայաստանի Հարապետությունում փախստականի և ապաստան հայցողի կարգավիճակ ունեցող յուրաքանչյուր անձ պետական պատվերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար առողջության առաջնային պահպանման ծառայություններ է ստանում միայն այն ԱԱՊ(առողջության առաջնային պահպանման) բժշկի մոտ, որին ինքը կընտրի կամավոր:
Յուրաքանչյուր բնակիչ, անկախ Հայաստանի Հարապետությունում իր պաշտոնական հաշվառման վայրից, իրավունք ունի ընտրելու իր մշտական բնակության վայրի մարզի վարչական սահմաններում, իսկ Երևան քաղաքի դեպքում՝ քաղաքի վարչական սահմաններում գործող ցանկացած ԱԱՊ հաստատությունում աշխատող ԱԱՊ բժիշկ։
ԱԱՊ բժիշկը որպես բնակիչ չի կարող ընտրել ինքն իրեն և գրանցվել ինքն իր մոտ որպես ԱԱՊ բժիշկ:
«Որոշակի դեպքերում ԱԱՊ բժիշկն իրավունք ունի չգրանցել իրեն ընտրած և գրանցվելու նպատակով դիմած բնակչին»,-Իրավաբան.net-ին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի խոսքով` նշված դեպքերն են`
լրացել է ԱԱՊ բժշկի կողմից սպասարկվող բնակիչների առավելագույն թույլատրելի թվաքանակները.
բնակչի ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում կառավարության վերը կարգով սահմանված պահանջներին.
ԱԱՊ հաստատության և բնակչի մշտական բնակության վայրի միջև եղած հեռավորության պատճառով ԱԱՊ բժիշկը չի կարող մատուցել բժշկական օգնության հետևյալ ծառայությունները՝ տնային այցելություններ և հակահամաճարակային հսկողություն.
բնակիչն արդեն գրանցված է այլ ԱԱՊ բժշկի մոտ և սահմանված կարգով չի ներկայացնում տեղափոխման ձևը:
Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր կողմից ընտրված ԱԱՊ բժշկի մոտ գրանցվելու համար ներկայացնում է իր անձնագիրը, իսկ մինչև 16 տարեկան երեխայի համար` նրա ծննդյան վկայականը, իսկ սոցիալապես անապահով կամ հատուկ խմբին պատկանելու դեպքում` նաև այդ փաստը հավաստող փաստաթուղթը:
«Ի դեպ, բնակիչն իրավունք ունի առանց պատճառների բացատրության ցանկացած ժամանակ փոխելու իր ԱԱՊ բժշկին և ընտրելու նոր ԱԱՊ բժիշկ` նույն կամ այլ ԱԱՊ հաստատությունում», – հայտնում է Գոհար Կոստանյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել