Դրական լուր ծնողների կողմից անհայտ կորած համարվող 9 զինվորների հարազատներին

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ վերջին օրերին դիմել են 10 զինվորների հարազատներ՝ նշելով, թե իրենց որդիներից ապրիլի 2-ի պատերազմական գործողություններից հետո որևէ լուր չունեն:

Այսօր ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն, անդրադառնալով այս հանգամանքին, նշել է, որ որոշ զինվորներ չեն կարողանում և չպետք է նաև կարողանան տուն կապնվել այս օրերին բջջային հեռախոսներով:

Քիչ առաջ զրուցեցինք նաև ՀՔԱՎ-ի խաղաղասիրական ծրագրերի համակարգող Արմինե Սադիկյանի հետ, ով տեղեկացրեց, որ իրեն ՊՆ-ից նույն լուրն են հաղորդել՝ նշելով, որ բոլոր զինվորները, բացի Արգիշտի Կաբոյանից, նորմալ վիճակում են, նրանցից լուր կա. «Նրանք մահացած չեն, ոչ էլ վիրավոր, ուղղակի բոլորը մեկ գումարտակից են՝ Եղնիկների գումարտակից, պարզապես կապ չունեն, որ զանգեն հարազատներին: Մեզ դիմում էին ծնողները, հարազատները, որ մենք կարողանանք լուր ասել, ուստի մենք նրանց համարել ենք անհայտ կորած, որովհետև նրանք 10 օրից ավելի ծնողների համար անհայտ կորած էին»,- փոխանցեց տիկին Սադիկյանը:

Ի՞նչ է ստացվում՝ 10 օրից ավելի 9 զինվորի ճակատագրեր անհայտ են եղել ծնողների համար, ընդ որում՝ այս զինվորները պաշտոնապես չեն համարվում անհայտ կորած, իսկ ՊՆ-ն որևէ կերպ ծնողներին լուրեր չի հաղորդում, միայն այս աղմուկի արդյունքում պաշտպանության նախարարությունից որոշում են ի վերջո, 10 օր տանջված ծնողների համար մի անորոշ լուր հաղորդել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել