Նորություններ

«Մենք` կին ոստիկաններս, աշխատում ենք խստությունը զուգորդել մեղմ վերաբերմունքի հետ»

Իրավաբան.net-ը սկսում է «Ոստիկան հայուհիներ» հատուկ նախագիծը, որտեղ ներկայացնելու ենք ոստիկանության համակարգում ծառայող հայ կանանց:

 

 

Պարեկապահակետային ծառայության նորաստեղծ հատուկ ստորաբաժանման ոստիկանները մարտ ամսից ծառայություն են իրականացնում Երևանի Փոքր Կենտրոնում: Նպատակը` հասարակական վայրերում և զանգվածային միջոցառումների ժամանակ պահպանել կարգ ու կանոնը, հասարակության մոտ ձևավորել ոստիկանի նոր կերպար: Հատուկ ստորաբաժանումն աչքի է ընկնում նաև այն հանգամանքով, որ գումարտակում կան աղջիկ ոստիկաններ, թվով 14 հոգի: Առաջիկայում նախատեսվում է նրանց թիվն ավելացնել:

 

Մինչ ծառայության անցնելը` ոստիկանները վերապատրաստվել են: Տիրապետում են օտար լեզուների, մարտարվեստի հնարքների, բանակցելու, առաջին բուժօգնության հմտությունների և այլն… Գրեթե բոլոր ոստիկաններն ունեն բարձրագույն կրթություն: Տարբերվում է նրանց նաև համազգեստը` նրանք խաղաղության հրեշտակներ են:

 

Իրավաբան.net-ը զրուցել է Պարեկապահակետային ծառայություն իրականող հատուկ ստորաբաժանման ոստիկան, լեյտենանտ Էլեն Բաբայանի հետ:

 

 

Փաստեր
2006 թվականին ավարտել է Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցը:
2006- 2010 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի մշակութաբանության ամբիոնում:
2010- 2012 թթ. սովորել է նույն ամբիոնի մագիստրատուրայում: Ավարտել է կարմիր դիպլոմով:
2012 թվականի մայիսից աշխատում է ոստիկան պարեկապահակետային ծառայության նոր ձևավորված հատուկ ստորաբաժանումում:

 

– Կարծում են` փոքր ժամանակ ռետինե մահակ, ձեռնաշղթա, սուլիչ ու առաջին բուժօգնության պարագաներ ունենալու մասին չեք երազել: Առավել ևս, որ մշակութաբանի մասնագիտացում ստանալով` այսօր դառնալու եք ոստիկան: Ինչպե˚ս որոշեցիք ընտրել ոստիկանի աշխատանքը:

– Իհարկե, փոքր ժամանակ ոստիկան դառնալու մասին չեմ երազել, մտքովս էլ չի անցել, սակայն մագիստրատուրայի վերջին կուրսում դասախոսի կողմից առաջարկ եղավ փորձել ուժերը նաև ոստիկանության համակարգում: Հարցազրույցով անցա աշխատանքի… Չեմ մտքափոխվել, որ այս համակարգում եմ: Սիրում եմ ոստիկանի աշխատանքը:

 

 

– Ինչպիսի˚ն էր Էլեն Բաբայանը մանկության տարիներին:

– Ավելի համարձակ եմ եղել, փորձում էի խաղերի ընթացքում անպայման հաղթել: Հաճախել եմ պարի, երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժին:

 

 

– Համոզված եմ` հակառակ սեռի ներկայացուցիչները մեծ հիացմունքով են նայում կին ոստիկաններիդ: Իսկ ինչպիսի˚ն է քո վերաբերմունքն աշխատանքիդ նկատմամբ:

– Քանի որ հասարակական վայրերում ծառայություն ենք իրականացում, քաղաքացիներն ու զբոսաշրջիկները մեծ հիացմունքով են նայում: Մոտենում են, հարցնում թե ինչ առաքելություն ունենք: Սկզբում մտածում էին, որ մենք բույժքույրեր ենք, սակայն արդեն սովորել են մեզ` որպես ոստիկանի: Հիացմունքով նայում են և’ հակառակ սեռի ներկայացուցիչները, և’ կանայք, և’ երեխաները: Սկզբում մի փոքր անսովոր էր կին ոստիկան տեսնելը, սակայն գնալով ավելի վստահում են մեզ` տեսնելով մեր աշխատանքը, նվիրվածությունն ու հարկ եղած դեպքում օգնելու պատրաստականությունը: Իհարկե, մեծ պատասխանատվությամբ եմ վերաբերում աշխատանքիս, այլ կերպ չէր էլ կարող լինել:

 

 

– Ի˚նչ հետաքրքիր դեպքեր կամ հաճոյախոսություններ են հնչում ծառայության ժամանակ:

– Շատ են լինում… Հիմնականում ասում են, որ հավանում են մեր համազգեստը: Կանայք նշում են, որ ուրախ են կին ոստիկան տեսնելով, քանի որ կարող են դիմել այնպիսի հարցերով, որով չէին դիմի տղամարդ ոստիկաններին: Տարեցներն էլ ասում են, որ մեր հայտնվելով մթնոլորտը փոխվում է:

 

 

– Ովքե˚ր կարող են դիմել դրսում պարեկապահակետային ծառայություն իրականացնող ոստիկաններին:

– Կարող է դիմել ցանկացած ոք: Դիմում են ամենատարբեր հարցերով` տուրիստները կարող են որևէ վայրի տեղ հարցնել, ցանկանան խոսել կամ նկարվել մեզ հետ: Իսկ մեր քաղաքացիները հետաքրքրվում են նաև, թե ինչ գործառույթներ ունենք մենք: Շատ երեխաներ, մեզ տեսնելով, հաճախ ասում են, որ մեծանան ոստիկան են դառնալու: Մենք տիրապետում ենք մի շարք հմտությունների մարդկանց օգտակար լինելու համար:

 

 

– Բացի դրսում ծառայություն իրականացնելուց` նաև դասերի եք մասնակցում: Կմանրամասնե˚ք, թե ի˚նչ եք անում դասերի ժամանակ:

– Ծանոթանում ենք ոստիկանների աշխատանքին առնչվող օրենքներին, հավաքների ժամանակ ոստիկանի գործողություններին` օրենքով սահմանված կարգով, ուսումնասիրում ենք զենքի կիրառման և գործադրման դեպքերը: Անցնում ենք նաև հոգեբանություն, քանի որ հոգեբանությունը սերտ կապի մեջ է մեր մասնագիտության հետ: Մարմնամարզությամբ ենք զբաղվում, ձեռնամարտի հնարքներով և այլն:
Վերջացրել ենք առաջին բուժօգնության դասընթացը, ուսումնասիրել ենք քրեական, քրեադատավարական, վարչական իրավունքները, պարեկապահակետային ծառայությանն առնչվող դրույթները: Շարունակում ենք ուսումնասիրել օտար լեզուներ` ավելի կատարելագործելով մեր իմացությունը:
Հատուկ ստորաբաժանումում գրեթե բոլոր ոստիկանները բարձրագույն կրթություն ունեն: Նաև դրանով է պայմանավորված, որ մեր հարաբերությունները միմյանց և հրամանատարների հետ շատ դրական է:

 

 

– Ինչո˚վ եք սիրում զբաղվել աշխատանքային ժամերից դուրս:

– Քանի որ շատ ժամանակ եմ անցկացնում դրսում, ազատ ժամերին սիրում են ընտանիքի հետ լինել կամ ընկերուհիների հետ զբոսնել: Տանը եղած ժամանակ սիրում եմ ֆիլմեր դիտել և ընթերցանությամբ զբաղվել:

 

 

– Իսկ ո˚րն է Ձեր վերջին կարդացած գիրքը և ամենասիրելի գիրքը:

– Վերջին կարդացած գիրքը Թեոդոր Դրայզերի «Ամերիկյան ողբերգությունն» է եղել, իսկ ամենասիրելի գիրքը` Սոմերսեթ Մոյեմի «Լուսինն ու վեց պենսանոցը»:

 

 

– Ի˚նչ է սիրում պատրաստել ոստիկանը խոհանոցում

– Շատ եմ սիրում ելակով տորթ և նաև պատրաստում եմ:

 

– Ոստիկան (պատմ.) պահլավերեն բառ է, նշանակում է հավատարիմ, վստահելի: Որքանո˚վ է բառի բացատրությունն այսօր համապատասխանում հասարակության մեջ ոստիկանի ունեցած հեղինակությանը:

– Վստահությունը գնալով աճում է: Մարդկանց համար արդեն խորթ չէ մոտենալ ոստիկանին, ինչ-որ բան հարցնել, զրուցել: Հեղինակությունն էլ թե’ մեր ստորաբաժանման, թե’ ամբողջ ոստկական համակարգի նկատմամբ կարող եմ ասել` բարձրանում է:

 

– Իսկ կին ոստիկանների թվի ավելացումը կարո˚ղ է ոստիկանի նկատմամբ բարձրացնել հավատն ու վստահությունը:

– Ինչպես ցանկացած այլ բնագավառում, ոստիկանության համակարգում ևս կին ոստիկաննների թվաքանակի ավելացնումը կբերի միայն դրական փոփոխությունների: Մենք` կին ոստիկաններս, աշխատում ենք խստությունը զուգորդել մեղմ վերաբերմունքի հետ:

 

 

Նունե Հովսեփյան
Աղբյուրը` Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել