Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ Հայաստանի Հանրապետութունն`ի դեմս ՀՀ ոստիկանության, համահայցվոր ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներ Արթուր Մադաթյանի, Սերգեյ Զաքարյանի, Հովհաննես Քոչարյանն ընդդեմ «SOS» հաղորդման հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի քաղաքացիական գործով առաջին դատական նիստը՝ դատավոր Արթուր Ստեփանյանի նախագահությամբ:
Դատարանի շենքը բազմամարդ էր. շատերն էին ցանկանում ներկա լինել նիստին, սակայն քչերին հաջողվեց ներս մտնել նիստերի դահլիճ, քանի որ այն փոքր էր: Հավաքվածների մոտ դժգոհության ալիք բարձրացավ, Գյումրու «Ասպարեզ» մամուլի ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը նույնիսկ ընդհարում ունեցավ դատական կարգադրիչների հետ, քանի որ պահանջում էր նիստի համար հատկացնել մեկ այլ դահլիճ, որպեսզի քաղաքացիները կարողանան ներկա լինել: Մինչդեռ դատական կարգադրիչներն ասացին, որ մեծ դահլիճ ունեն, սակայն այնտեղ քրեական գործ է լսվում:
Վիլեն Գայֆեջյանի դեմ հայց է ներկայացվել, քանի որ նա «SOS» հաղորդման 11-րդ թողարկման ընթացքում ոստիկաններին «շան տղերք» է անվանել: Ոստիկանության ներկայացուցիչ Հովհանես Քոչարյանը ներկայացրեց հայցապահանջը. «Ես պահանջում եմ, որ Վիլեն Գայֆեջյանը hրապարակայնորեն ներողություն խնդրի ՀՀ ոստիկանությունից և Արթուր Մադաթյանին վճարի փոխհատուցում նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով»: Պահանաջի հետ համամիտ էին նաև մյուս համահայցվորները:
Դատարանը գործի վարույթից հեռացրեց պատասխանողի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանին, քանի որ Քաղքացիական դատավարության օրենսգրքի համաձայն՝ դատարանում անձի շահերը կարող է պաշտպանել միայն փաստաբանի արտոնագիր ունեցողը:
Այնուհետև Վիլեն Գայֆեջյանը դատարանին միջնորդեց, որ իր շահերը դատարանում կներկայացնի Հայկուհի Հարությունյանը: Դատարանը ընդմիջում հայտարարեց, որպեսզի պատասխանողը գրավոր կերպով լիազորի Հայկուհի Հարութունյանին՝որպես իր ներկայացուցիչ:
Ընդմիջումից հետո Հայկուհի Հարութունյանը դատարանին միջնորդեց դատական նիստը հետաձգելէ գործի նյութերին ծանոթանալու համար և հնարավարություն ունենալու պատշաճ կերպով ներկայացնել իր վստահորդի շահերը: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 4-ին:
Նիստի ավարտից հետո Վիլեն Գայֆեջյանը զրուցեց լրագրողների հետ:Նա հայատարարեց, որ չի պատրաստվում հրապարակավ ներողություն խնդրել և վճարել պահանջված փոխհատուցումը երկու ոստիկաններին` յուրաքանչյուրին 1միլիոն դրամ. «Ես ոչ մեկին չեմ վիրավորել, ոչ մի անձնական վիրավորանք ոչ մեկին չեմ հասցրել: Նախ կծանոթանանք իրենց ներկայացրած փաստերին, հետո կքննարկենք փաստաբանի հետ:Մեզ համար անհասկանալի, թե ինչից է վիրավորվել ոստիկանությունը»,-ասաց Գայֆեջյանը:
Նշենք նաև, որ դատական նիստին ներկա էին «Ոչ թալանին» նախաձեռնության անդամներից: Նրանցիցի Մաքսիմ Սարգսյանի հանդեպ դատարանը սանկցիա կիրառեց՝ նիստի ընթացքը խոչընդոտելու համար:
Լաուրա Մամյան