Պատիժը կատարելու կարգն ու պայմանները տարածվում են բոլոր դատապարտյալների վրա՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, ծննդից, գույքային կամ այլ դրությունից:
ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդվածը սահմանւմ է, որ ոււղղիչ հիմնարկում անջատ են պահվում՝
1) տղամարդիկ՝ կանանցից.
2) անչափահասները՝ չափահասներից, բացառությամբ տվյալ օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերի.
3) առաջին անգամ ազատազրկման դատապարտված անձինք, բացի առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտված անձանցից՝ նախկինում ազատազրկման ձևով պատիժ կրած դատապարտյալներից.
4) դատարանների, իրավապահ, մաքսային և հարկային մարմինների աշխատող կամ նախկին աշխատող, պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայության սպայական կազմի զինծառայող կամ նախկին զինծառայող, ինչպես նաև ոստիկանության զինծառայող կամ նախկին զինծառայող դատապարտյալը՝ մյուս դատապարտյալների.
5) շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններով տառապող դատապարտյալը՝ մյուս դատապարտյալներից
6) դատապարտյալը, որի կյանքին կամ առողջությանը վտանգ է սպառնում, մյուս դատապարտյալներից՝ ուղղիչ հիմնարկի վարչակազմի որոշմամբ
7) անզգուշությամբ կատարված հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք՝ դիտավորությամբ կատարված հանցագործության համար դատապարտված անձանցից.
8)ցմահ ազատազրկման դատապարտված անձինք՝ որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանցից:
Բուժական ուղղիչ հիմնարկում, ուղղիչ հիմնարկների բուժական ստորաբաժանումներում, ինչպես նաև այն ուղղիչ հիմնարկում, որին առընթեր կա մանկատուն, դատապարտյալներին անջատ պահելու` տվյալ հոդվածով սահմանված պահանջները կիրառվում են հնարավորինս: