Մահացածի Iphone-ը կռվախնձոր է դարձել կնոջ, երեխաների ու եղբոր համար

52-ամյա Գառնիկը ամբաստնյալի աթոռին է հայտնվել ` հանգուցյալ եղբոր կնոջը ծեծելու մեղադրանքով: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գործը քննվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:

Գործի նյութերի համաձայն` այս տարվա հունվարի մեկին հանգուցյալի կինը երկու անչափահաս երեխայի հետ գնացել է ամուսնու հայրական տուն` Ամանորը շնորհավորելու և նշելու հանգուցյալ ամուսնու առաջին Ամանորը: Այստեղ է եղել նաև հանգուցյալի եղբայրը: Մահացածի տղան մոտեցել է հորեղբորն ու խնդրել է վերադարձնել Iphone 4 հեռախոսը, որն օգտագործելիս է եղել հայրը` կենդանության օրոք:

Հորեղբայրն ասել է, թե հեռախոսը վաճառել է` նրանց հոր թաղման արարողությունը կազմակերպելու համար: Խոսակցությանը միջամտել է հանգուցյալի կինը`  պահանջելով վերադարձնել հեռախոսը:  Վիճաբանություն է սկսվել:

Գառնիկին մեղադրանք է առաջադրված եղել հանգուցյալ եղբոր կնոջը  ձեռքերով և ոտքերով հարվածելու և նրան  թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Սակայն առաջին ատյանի դատարանն արդարացրել է նրան:

Դատավճիռը հրապարակվել է հունիսի 30-ին և մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել