52-ամյա Գառնիկը ամբաստնյալի աթոռին է հայտնվել ` հանգուցյալ եղբոր կնոջը ծեծելու մեղադրանքով: Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից, գործը քննվել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:
Գործի նյութերի համաձայն` այս տարվա հունվարի մեկին հանգուցյալի կինը երկու անչափահաս երեխայի հետ գնացել է ամուսնու հայրական տուն` Ամանորը շնորհավորելու և նշելու հանգուցյալ ամուսնու առաջին Ամանորը: Այստեղ է եղել նաև հանգուցյալի եղբայրը: Մահացածի տղան մոտեցել է հորեղբորն ու խնդրել է վերադարձնել Iphone 4 հեռախոսը, որն օգտագործելիս է եղել հայրը` կենդանության օրոք:
Հորեղբայրն ասել է, թե հեռախոսը վաճառել է` նրանց հոր թաղման արարողությունը կազմակերպելու համար: Խոսակցությանը միջամտել է հանգուցյալի կինը` պահանջելով վերադարձնել հեռախոսը: Վիճաբանություն է սկսվել:
Գառնիկին մեղադրանք է առաջադրված եղել հանգուցյալ եղբոր կնոջը ձեռքերով և ոտքերով հարվածելու և նրան թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ հասցնելու համար: Սակայն առաջին ատյանի դատարանն արդարացրել է նրան:
Դատավճիռը հրապարակվել է հունիսի 30-ին և մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: