Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 5-ին կալանքի որոշում է կայացրել Արա Բուդաղյանի նկատմամբ, ով մեղադրվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկցի նկատմամբ մահափորձ իրականացնելու մեջ:
Իրավաբան.net-ի թղթակցի հետ զրույցում Արա Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը նշեց, որ Բուդաղյանի կալանքը բացարձակ անհիմն է եղել: Պաշպանի խոսքով այն զենքը, որ գտել են Բուդաղյանների տանը, այդ մասով անգամ մեղադրանք չկա, որովհետև դա օրինական զենք է և մահափորձի հետ որևէ կապ չունի: Քանի որ իրավական հիմքերի բացակայության պայմաններում են Արա Բուդաղյանին կալանավորել և մեղադրանք առաջադրվել, այդ պատճառով Հ. Ալումյանը պատրաստվում է հենց այսօր բողոքարկել դատարանի որոշումը:
Պաշտպանը այս պահին ուսումնասիրում է հնարավորությունները՝ նյութերը հարպարակելու և հանրությանը հասանլի դարձնելու համար , որպեսզի մարդիկ տեսնեն, թե ինչ անհիմն փաստերի և նյութերի հիման վրա է կալանավորումը տեղի ունեցել: Պաշտպանի խոսքով մի ամբողջ օր խախտվել է նաև Արա Բուդաղյանի պաշտպանության իրավունքը, քանի մի ամբողջ օր պաշտպանը հնարավորություն չի ունեցել տեսակցելու իր պաշտպանյալին և ցույց տալ իրավաբանական օգնություն:
Հիշեցնենք ,որ օրերս ՀՀ ԱԱԾ-ն պաշտոնական հայտարարություն էր տարածել, համաձայն որի ձերբակալվել են ՀՀ Սյունիքի մարզի Կապան եւ Գորիս քաղաքներից 4 բնակիչ,նրանց թվում է եղել նաև Արա Բուդաղյանը: Նրանք մեղադրվում են ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և նրա ուղեկիցների նկատմամբ 2015թ. մայիսի 20-ին ժամը 18:15-ի սահմաններում հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, նշված հանցագործությանն առնչակից լինելու կասկածանքով:
Լաուրա Մամյան