Հայաստանն ու Վրաստանը խորացնում են քրեակատարողական ոլորտում համագործակցությունը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը և Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Գիորգի Մղեբրիշվիլին հունիսի 24-ին ստորագրել են քրեակատարողական ոլորտում համագործակցության մասին հուշագիր:

Փաստաթղթի շրջանակում կողմերը կհամագործակցեն քրեակատարողական ծառայության արդյունավետ կառավարման, քրեակատարողական ոլորտի հետ կապված օրենսդրության զարգացման, ՔԿՀ-ների անվտանգության ապահովման ուղղություններով:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը շնորհավորել է ներկաներին համագործակցությունը խորացնելու առիթով և հույս հայտնել, որ հուշագրում ամրագրված միջոցառումների իրականացումը երկուստեք օգտակար կլինի: Խոսելով Հայաստանի և Վրաստանի միջև դատաիրավական ոլորտում ձեռք բերված հաջող համագործակցությունից՝ նախարարն առանձնացրել է քրեակատարողական ոլորտում փորձի փոխանակման և մեկը մյուսի սխալները չկրկնելու կարևորությունը:

Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Գիորգի Մղեբրիշվիլին շնորհակալություն է հայտնել ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին, ով առաջինն է զանգել իրեն և իր զորակցությունն ու աջակցությունը հայտնել  Վրաստանում տեղի ունեցած աղետից հետո:

Անդրադառնալով ստորագրված փոստաթղթին՝ Գիորգի Մղեբրիշվիլին նշել է, որ պրոբացիայի ոլորտում իր երկիրն ունի հարուստ փորձ և պատրաստ է Հայաստանի հետ կիսել անցած ճանապարհին ձեռք բերած հաջողություններն ու ներկայացնել հնարավոր բարդությունները շրջանցելու իրենց տարբերակը:

Հուշագրով նախատեսվում է իրականացնել կալանավորված անձանց և դատապարտյալների նյութակենցաղային ապահովման, նրանց բժշկական սպասարկման, վերասոցիալականացման և վերաինտեգրման, պրոբացիոն ծառայության ոլորտում համատեղ կրթական ու փորձի փոխանակման ծրագրեր:

Նշենք, որ Վաղը Երևանում մեկնարկելու է Հայ-վրացական իրավական համագործակցության ֆորումև, որին մասնակցելու են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանին, ինչպես նաև Վրաստանի պատիժների կատարման և պրոբացիայի հարցերով նախարար Գիորգի Մղեբրիշվիլին:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել