ԵԽ-ի ֆինանսավորմամբ կբարելավվի բուժծառայության վիճակը բանտերում

ՀՀ արդարադատության նախարարության հետ համագործակցությամբ այսօր Երևանում պաշտոնապես մեկնարկել է «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագիրը, որն իրականացվելու է Եվրոպայի Խորհրդի կողմից՝ Եվրամիության ֆինանսավորմամբ, Արևելյան գործընկերության երկրներում 2015-2017թթ. ծրագրային համագործակցության շրջանակում: Այս մասին հաղորդում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ըստ աղբյուրի՝ ծրագրի նպատակն է՝ ամրապնդել մարդու իրավունքները` բարելավելով բուժծառայության, այդ թվում` հոգեկան առողջության հետ կապված խնամքի տրամադրումը Հայաստանի բանտերում: 24 ամիս տևողությամբ ծրագիրը նախատեսվում է ավարտին հասցնել 2017թ-ի փետրվարի 28-ին: Ծրագրի բյուջեն կազմում է 900.000 եվրո:

Ծրագրի պաշտոնական մեկնարկին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը, Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար պարոն Հոա-Բին Աջեմյանը, այլք:

Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է քրեակատարողական հիմնարկների բժշկական սպասարկման ոլորտի բարելավման ուղղությամբ 2014 թվականի ընթացքում Արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումները՝ հավելելով, որ քրեակատարողական համակարգի բժշկական սպասարկման ոլորտում դեռևս առկա են մի շարք անելիքներ ինչպես իրավական, այնպես էլ ենթակառուցվածքային մակարդակներում:

Եվրոպայի Խորհրդի երևանյան գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան բարձր է գնահատել Արդարադատության նախարարության ջանքերը, որոնք ուղղված են այս ոլորտում իրականացվող շարունակական բարեփոխումներին: Նա կարևորել է ծրագրի իրականացման համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին և այդ ուղղությամբ համագործակցությունն ու մոնիտորինգի իրականացման աշխատանքները: ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավարը նշել է, որ ծրագրի գլխավոր նպատակը բանտային համակարգի համապատասխանեցումն է մարդասիրական չափանիշներին և հույս հայտնել, որ ծրագիրը հաջողություն կունենա:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության hամագործակցության բաժնի ղեկավար պարոն Հոա-Բին Աջեմյանի խոսքով՝ ԵՄ-ն աջակցում է Հայաստանին՝ արդարադատության առավել արդյունավետ համակարգ ունենալու նպատակով:«Բանտային պայմանների բարեփոխման ուղղությամբ ԵՄ-ն լուրջ ֆինանսական միջոցներ է ներդնում՝ նպատակ ունենալով բարելավել դատապարտյալների կենսապայմանները: Մենք նկատում ենք որոշակի առաջընթաց ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ արդարադատության ոլորտում»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը:
Ծրագրի շրջանակում կբարելավվի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում առողջապահության իրավական և ինստիտուցիոնալ շրջանակը, կվերապատրաստվեն դրանց անձնակազմը, ինչպես նաև, օժանդակելով Հայաստանի կառավարությանը քրեակատարողական հիմնարկների բուժմասերի նյութական պայմանները բարելավելու հարցում, հատուկ ուշադրություն կդարձվի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի վերջին զեկույցներում որպես առավել խնդրահարույց առանձնացված քրեակատարողական հիմնարկներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել