Մեկնարկել է «ՀՀ վճռաբեկ դատարանի առաքելությունը. ներկան և ապագան» խորագրով քննարկումների շարք

Այսօր` մայիսի 8-ին, ՀՀ վճռաբեկ դատարանի հովանու ներքո, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի, պաշտոնատար այլ անձանց, ինչպես նաև ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի և Հայ-Ռուսական (սլավոնական) համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի մասնակցությամբ կայացավ կլոր սեղան-քննարկում` «ՀՀ վճռաբեկ դատարանի առաքելությունը. ներկան և ապագան» խորագրով: Նշված քննարկումների շարքի կազմակերպման գաղափարը ծագել է «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» խորագրով ծրագրի շրջանակներում Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի և ՀՀ վճռաբեկ դատարանի համագործակցության արդյունքում և դրա նպատակը դատական պրակտիկայում արդի մի շարք խնդիրների (օրինակ`անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը, դատական համակարգի կառուցվածքը, վճռաբեկ դատարան բողոք ներկայացնելու հիմքերն ու ընթացակարգը և այլն) քննարկումն է և դրանց լուծման ուղենշումը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը` ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունում 2005 թվականին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների արդյունքում Վճռաբեկ դատարանի համար ստեղծվեց որակական նոր կարգավիճակ` Վճռաբեկ դատարանը հռչակվեց որպես Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյան (բացի սահմանադրական արդարադատության հարցերից) և սահմանվեց Վճռաբեկ դատարանի հիմնական առաքելությունը:

«Վճռաբեկ դատարանի որակական նոր կարգավիճակին համապատասխան արմատապես և որակապես (թե ձևի, թե կառուցվածքի, թև բովանդակության առումով) փոխվեց Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների ազդեցությունն օրենքի միատեսակ կիրառության և միասնական դատական պրակտիկայի նկատմամբ, իսկ իրավունքի զարգացման հարցում առանձին նախադեպային որոշումներ ունեցան հեղափոխական նշանակություն: Արդեն տասը տարի է, ՀՀ վճռաբեկ դատարանը իրականացնում է իր վրա դրված այդ պարտականությունները և առաքելությունը` արդյունավետ կերպով օգտագործելով գործիքը` դատական նախադեպի ինստիտուտը»,- նշեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը:

Խոսելով Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների կարևորության և արդարադատության իրականացման հարցում ունեցած դերի մասին` Արման Մկրտումյանը նշեց, որ Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները հնարավորություն են ստեղծում հրատապ կերպով շտկել օրենքներում առկա բացերը և տարակարծիք մեկնաբանությունները, ինչպես նաև լուծել դատական պրակտիկայում ծագող խնդիրները: Բացի այդ, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներն ապահովում են դատավարության բոլոր մասնակիցների համար կանխատեսելի արդարադատություն, որի արդյունքում կնվազեն կոռուպցիոն երևույթները: Ըստ Արման Մկրտումյանի, Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների հեղինակությամբ է պայմանավորված դատական իշխանության հեղինակության բարձրացումը, արդարադատության և արդարության նկատմամբ ժողովրդի հավատի վերականգնումը:

«Վճռաբեկ դատարանի որոշումները պարտադիր են ոչ միայն այն հիմքով, որ դրանք Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական ատյանի որոշումներն են, ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, բողոքարկման ենթակա չեն, այլ նաև այն հիմքով, որ հասկանալի են, տրամաբանական, հիմնավորված և, ամենակարևորը, համոզիչ: Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները դատական իշխանության անկախության երաշխիքներից մեկն է, որը հնարավորություն է ընձեռում Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշման առկայությամբ պաշտպանվելու հարցին այլ իրավական լուծում պահանջող տարբեր տեսակի, այդ թվում` վարչական ճնշումներից»,- մանրամասնեց Արման Մկրտումյանը:

Արման Մկրտումյանն անդրադարձավ նաև ՀՀ դատական, քրեական դատավարության, քաղաքացիական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերում նախատեսված նյութադատավարական իրավունքի խախտման հիմքով Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցին:

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի, նշված օրենսդրական դրույթը վերանայման անհրաժեշտություն ունի այն առումով, որ նյութադատավարական իրավունքի խախտման հիմքով գործը վերանայելու լիազորությունը կարելի է նախատեսել բացառապես վերաքննիչ ատյանի համար, որպեսզի չխախտվի դատական համակարգի ֆունկիցոնալ տարանջատման սկզբունքը:

«Վճռաբեկ դատարանը, դուրս գալով օրենքի միատեսակ կիրառության ապահովման իր հիմնական սահմանադրական գործառույթից, սկսում է վերանայել գործն ըստ էության: Նշված ֆունկցիոնալ խախտման հետևանք է նաև այն, որ Հայաստանի Հանրապետության վերաբերյալ միջազգային մի շարք կառույցների հովանու ներքո կազմված զեկույցներում և այլ փաստաթղթերում պարբերաբար բարձրացվում է այն հարցը, թե ինչու ստորադաս դատարաններն անշեղորեն չեն կատարում Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների պահանջները: Հատկապես, որ այսօր չկա և ոչ մի վճռաբեկ բողոք, որում հղում չկատարվի Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներին»,- նկատեց Արման Մկրտումյանը և հույս հայտնեց, որ այս քննարկման շրջանակներում մասնակիցների կողմից կլսի կարծիքներ և առաջարկություններ նաև այդ հարցի վերաբերյալ:
Քննարկման ընթացքում ելույթներով հանդես եկան ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Գևորգ Դանիելյանը, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Դավիթ Ավետիսյանը և քննարկմանը ներկա` տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի առաջարկով որոշվեց 2015 թվականի մայիսի 22-ին ՀՀ վճռաբեկ դատարանում, նույն կազմով կազմակերպել քննարկում ՀՀ նոր Սահմանադրության նախագծում դատական համակարգի առանձնահատկությունների և Վճռաբեկ դատարանի դերի ու առաքելության վերաբերյալ: Միաժամանակ, որոշվեց նշված քննարկման ժամանակ որպես զեկուցող հանդես գան ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը էև ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանը:

Հայաստանի դատական համակարգ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել